Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունն այցելեց Տավուշի մարզ

Ապրիլի 27, 2021

Գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժինը ԳԿՄԿ ուսանողական խորհրդի հետ սույն թվականի ապրիլի 25-ին այցելեց Տավուշի մարզ՝ բացահայտելու Հայաստանի չքնաղ բնությունն ու տեսարժան վայրերը և ամրապնդելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ արդեն ձեռք բերված համագործակցության կապերը:

Մեր պատվիրակությունն այցելեց գեղատեսիլ Դիլիջան, շրջեց կոլորիտային հին փողոցներում, այցելեց փայտերի թանգարան:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ԳԿՄԿ պատվիրակությանը դիմավորեցին համալսարանի արտաքին կապերի բաժնի պետը, ուսանողական խորհրդի նախագահն ու ուսանողները: Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը ծանոթացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ, կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Ա. Եգանյանի հետ քննարկեց համագործակցության առաջիկա ծրագրերն ու անելիքները:

ԳԿՄԿ մագիստրանտներն ու ԻՄ ուսանողները միասին այցելեցին Իջևանի «Դենդրոպարկ», որտեղ ավելի քան 650 տեսակի ծառ ու թուփ կա գրեթե բոլոր մայրցամաքներից՝ բացառությամբ Ավստրալիայի: Այնուհետև խումբն ուղևորվեց 13-րդ դարի վանական համալիր՝ Մակարավանք, որտեղ տեղի քահանան միասնական աղոթք բարձրացրեց 1915 թ. Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Հանդիպումն ավարտվեց այցելությամբ Քարի լիճ, որտեղ երկու բուհերի ուսանողները հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու միմյանց, քննարկելու համատեղ ծրագրերն ու անելիքները՝ հուսալով, որ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա: