Արևելագիտության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Ռոբերտ Պետրոսի Ղազարյան,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնը հիմնադրվել է 2008 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր պատմագիտության կարևորագույն ճյուղերից մեկի՝ արևելագիտության բնագավառում որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են ՝
«Արևելագիտություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ, արևելագիտության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ: Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում ուսանողները կստանան խորացված և համակարգված գիտելիք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և ժողովուրդների հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության, մշակույթի, կրոնի վերաբերյալ: Հին Արևելքի պատմության և հինարևելյան դիցաբանության հիմնահարցերը ամբողջական կդարձնեն Մերձավոր և Միջին Արևելքի` որպես քաղաքակրթության բնօրրանի մասին ուսանողի պատկերացումները: Ուսանողը նաև խորացված գիտելիք կստանա ժամանակակից Թուրքիայի, Իրանի, Արաբական երկրների պատմության, քաղաքականության, տարածաշրջանային, միջազգային հարաբերությունների կարևորագույն հարցերի վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրան հնարավորություն կընձեռի ուսանողին գնահատել պատմական գործընթացների օրինաչափությունները և առանձնահատկությունները Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, մեկնաբանել այդ երկրների աշխարհագրական, ժողովրդագրական և հասարակական-քաղաքական բնութագրերը, ինչպես նաև Արևելք-Արևմուտք պատմամշակութային առնչությունները: Ուսանողը կհետազոտի այդ երկրների ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթի հիմնական առանձնահատկությունները, իսլամի և ավանդական այլ կրոնների, դրանց հիմնական ուղղությունների պատմությունը, կհասկանա դրանց դերը հասարակական ինստիտուտների կայացման և գործունեության մեջ: Ուսանողը կարող է անկախ աշխատել և' տեսական, և' կիրառական ասպարեզներում, ունակ կլինի իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կրթական, մշակութային, վերլուծական ոլորտներում: Ուսանողը հնարավորություն կստանա ուսումը շարունակել բարձրագույն կրթության երրորդ մակարդակում` ասպիրանտուրայում` արևելագիտություն, համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ մասնագիտություններով: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը համալրվել են ևս մեկ ծրագրով. ԳԿՄԿ «Արևելագիտության» ամբիոնում մեկնարկել է միջազգային կրեդիտային շարժունության ծրագիր Իտալիայի Բոլոնիայի համալսարանի հետ, որը հնարավորություն է ընձեռում մագիստրատուրայում սովորող արևելագետներին կրթություն ստանալ նաև Իտալիայի Բոլոնիայի համալսարանում: Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, գիտության, հասարակագիտական ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Ամբիոնում դասավանդվող առարկաներից են`
Իսլամական քաղաքակրթության ուրվագծեր
Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ուրվագծեր
Հին արևելյան առասպելաբանություն և դիցաբանություն
Բյուզանդիայի պատմության հիմնահարցեր
Օսմանյան կայսրության պատմության հիմնահարցեր,
Թուրքիայի Հանրապետության պատմության հիմնահարցեր
Կասպիական տարածաշրջանը միջազգային հարաբերությունների համատեքստում
Ազգային հիմնախնդիրների քաղաքական և սոցիալական ասպեկտները
Էթնոդավանական իրավիճակն Արաբական երկրներում (20-րդ դ. - 21-րդ դ. սկիզբ)
Մերձավոր Արևելքի պատմության հիմնահարցեր (մ.թ.ա. IV-I հազարամյակներ)
Կովկասի պատմության հիմնահարցեր
Քրդական հիմնախնդիրը Մերձավոր Արևելքում
Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ
Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր
Մասնագիտացումը՝ արևելագիտություն
Գիտահետազոտական աշխատանքները
Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական շուրջ երեսուն մենագրություն և ուսումնամեթոդական վեց աշխատություն: Միայն 2016-2020 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով հարյուրքառասուն գիտական հոդված:
Ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենն է, ինչպես նաև «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Fundamental Armenology» գիտական ժողովածուների խմբագրական խորհրդի անդամ: Նա նաև Հայաստանի պատմագետների միության անդամ է:
Ամբիոնի գոյության ընթացքում՝ 2008 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, սերտ շփումների մեջ են արտերկրի գիտնականների հետ, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, վերլուծությունները և այլն:
Ամբիոնի աշխատակազմը՝
Ռոբերտ Ղազարյան | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ռուբեն Սաֆրաստյան | ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ազատ Բոզոյան | պատմական գիտությունների դոկտոր |
Արաքս Փաշայան | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Գոհար Իսկանդարյան | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Լիլիթ Հարությունյան | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Գոռ Մարգարյան | պատմական գիտությունների թեկնածու |
Մհեր Սահակյան | քաղաքական գիտությունների թեկնածու |
Քրիստինե Մելքոնյան | պատմական գիտությունների թեկնածու |
Հասմիկ Հմայակյան | պատմական գիտությունների թեկնածու |
Նազելի Նավասարդյան | պատմական գիտությունների թեկնածու |
Արամ Գասպարյան | պատմական գիտությունների թեկնածու |
Գոհար Մխիթարյան | պատմական գիտությունների թեկնածու |
Անուշ Հովհաննիսյան | ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող |
Կարոլինա Սահակյան | ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող |
Տաթևիկ Մանուկյան | ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող |
Մարգարիտա Մարկոսյան | արևելագիտության ամբիոնի համակարգող |
Էլ. փոստ` rghazaryan@orient.sci.am