Գլխավոր էջ





Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարք Կենտրոնում

Նոյեմբերի 11, 2022

Նոյեմբերի 10-ի՝ Հանուն խաղաղության և զարգացման Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից, որի շրջանակներում ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտներ հանդես եկան գիտափորձերով, փորձանմուշների ցուցադրությամբ և ներկայացրին իրենց գործունեությունը ՀՀ տարբեր բուհերի ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, հանդիսանալով հետազոտական առաջին համալսարանի նախատիպը Հայաստանում, այցելուներին ներկայացրեց ինչպես ընթացիկ գիտակրթական և հետազոտահեն ծրագրերը, այնպես էլ առաջիկայում սպասվող նոր կրթական նախագծերը: ԳԿՄԿ-ի տաղավարում Կենտրոնի ուսանողները ոգևորությամբ կիսվեցին իրենց կրթական հաջողություններով, ներկայացրին Կենտրոնում գործող շուրջ 20 ամբիոնները, որտեղ իրականացվում է կրթություն ավելի քան 30 մասնագիտական կրթական ծրագրերով։

Գիտության համաշխարհային օրվան նվիրված հաջորդ միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի հետ համատեղ, որի շրջանակներում ԳԿՄԿ-ում կազմակերպվեց հրապարակային դասախոսությունների շարք «Ինչ է էթնոգենոմիկան», «Ոգեզէն» թուային հարթակի ճարտարապետութիւնը» խորագրերի ներքո:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով շնորհավորելով ներկաներին այս կարևոր օրվա առթիվ՝ ընդգծեց, որ հատկապես վերջին տարիների մարտահրավերները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր պետության համար գիտության զարգացման կենսական նշանակությունը, որը տնտեսական նշանակությունից բացի՝ մեր երկրի համար ունի ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն, և դասախոսությունների թեմաները ընտրվել են հենց այդ համատեքստում։ Ա.Սարգսյանը վստահեցրեց, որ Գիտության օրվան նվիրված դասախոսությունները լավագույնս կիրականացնեն իրենց առաքելությունը և մասնակիցներին հաղորդակից կդարձնեն գիտական և նորարարական նվաճումներին։

Շնորհավորական խոսքով և բովանդակային ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ով ևս մեկ անգամ ընդգծելով գիտության նշանակալի դերը հասարակական կյանքում՝ այս խորհդանշական օրը հույս հայտնեց, որ ապագայում նոյեմբերի 10-ը կդառնա ազգային վերածննդի օր, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ երկրի զարգացման հիմքում դրվի գիտութունը: «Այսօր՝ 21-րդ դարում, առաջնային են համարվում ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը, ուստի այն ազգերը, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ասելիք չունեն, կարող են այլևս վտանգված լինել: Ես երազում եմ, որ ապագայում Գիտության օրը լինի պետական, ազգային տոն, և երիտասարդներն այն ավելի կարևորեն, քան որևէ այլ տոն, քանի որ սա ազգի գոյության և պահպանության հարց է», նշում է Արթուր Իշխանյանը:

Միջոցառման բանախոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով էթնոգենոմիկայի էությունը, որն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների ծագումնաբանության հարցերը, էթնիկական խմբերի գենետիկական կառուցվածքը և դրա հիման վրա վերականգնում գենետիկական պատմությունը: Լ. Եպիսկոպոսյանն անդրադարձավ հայ ժողովրդի գենետիկական պատմությանը, որն այսօր բավականին մանրամասն ուսումնասիրված է, մեկնաբանեց նաև «հայի գեն» եզրույթը՝ բացատրելով, որ այն իրականում գոյություն չունի, քանի որ մենք ավելի շատ նմանություն, քան տարբերություն ունենք այլ ազգերի հետ:

Հաջորդ բանախոսը «Ինսթիգեյթ» ընկերության համահիմնադիր և «Իրական դպրոցի» տնօրեն, ֆիզ-մաթ․ գիտությունների թեկնածու Վահագն Պողոսյանն էր, ով «Ոգեզէն» թուային հարթակի ճարտարապետութիւնը» թեմայի շրջանակներում ներկայացրեց նախագիծը, որի հիմքում Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորման ու կայացման գաղափարն է, համաձայն որի պետության պաշտպանությունը միայն պետական կառույցների խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդինը։ Վ. Պողոսյանն անդրադարձավ ԳԿՄԿ-ի հետ համատեղ հիմնադրած «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մագիստրոսական կրթական ծրագրին, որը նպատակաուղղված է մագիստրանտների ինժեներական կրթության զարգացմանը, ինչպես նաև հիշեցրեց, որ այսօր դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնական ուղղություններից մեկը նույնպես ուղղված է սովորողների ինժեներական կրթության ապահովմանը, որը տրամադրվում է անվճար: Վ. Պողոսյանը խոսեց նաև բազմաթիվ հետաքրքիր այլ նախագծերի մասին։

Միջոցառման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ինչպես բանախոսներին հետաքրքիր ելույթների համար, այնպես էլ նախաձեռնության կազմակերպիչներին նման կարևոր միջոցառում իրականացնելու համար, որը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծելու գիտության նշանակալի դերը հասարակական կյանքում, համախմբելու հասարակության անդամներին գիտական խնդիրների շուրջ և ներկայացնելու գիտական նվաճումներն ու զարգացման հետագա հնարավորությունները։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին