Գլխավոր էջ





Արհեստական բանականությունը ԳԿՄԿ զարգացման ռազմավարության առանցքում

Մարտի 3, 2026

Ս․թ․ մարտի 2-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ աշխատանքային քննարկում՝ նվիրված արհեստական բանականության (ԱԲ) գործիքների կիրառելիությանը կենտրոնի կառավարման և կրթական գործընթացներում։

Հանդիպման առանցքում էր հարցը՝ որքանով և ինչ ձևաչափերով կարող են արհեստական բանականության լուծումները նպաստել կենտրոնի տարբեր ստորաբաժանումների կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև դասավանդման և ուսումնառության որակի բարելավմանը։

Քննարկումը վարեց կենտրոնի տնօրենը՝ տ․գ․թ․ Արմեն Սարգսյանը, ով ՏՏ ոլորտում ունի երկար տարիների մասնագիտական փորձ։ Նա նախ ծանոթացրեց ԱԲ ոլորտի հնարավորություններին, մասնավորապես՝ ԱԲ մոդելներին և ամենատարածված գործիքներին՝ խոսելով դրանց առանձնահատկությունների մասին։ Տնօրենը նշեց, որ ժամանակակից բուհը չի կարող մրցունակ լինել առանց թվայնացման, տվյալահեն կառավարման և գիտակրթական գործընթացում արհեստական բանականության կիրառման։ Ընդգծվեց, որ գրագետ կիրառելու դեպքում արհեստական բանականությունը կարող է բուհական համակարգում դիտարկվել որպես հզոր գործիք՝ ունակ բարձրացնելու կրթական և կառավարչական խնդիրների լուծման արդյունավետությունը։ Որպես ասվածի հավաստում՝ նշվեց, որ ԳԿՄԿ-ում արդեն իսկ ներդրված են արհեստական բանականության միջոցով ստեղծված լուծումներ՝ ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային առցանց դասացուցակը, ուսումնական գործընթացների ժամանակացույցի ավտոմատացված համակարգը։ Ներկայացվեց միջազգային փորձը՝ անդրադարձ կատարելով նաև տվյալների անվտանգության, ակադեմիական ազնվության և էթիկայի տեսանկյուններին։

Հանդիպումն անցավ բաց և կառուցողական մթնոլորտում։ Մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, բարձրաձայնեցին հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները։ Առաջարկվեց համեմատական հետազոտություն կատարել տնօրենի ներկայացրած ԱԲ գործիքների հնարավորությունների ուղղությամբ՝ փորձելով հասկանալ, թե դրանք որքանով են կիրառելի կոնկրետ ստորաբաժանման խնդիրների լուծման համար։ Որոշվեց առաջիկայում վերադառնալ կլոր սեղանի շուրջ՝ կիսվելու ուսումնասիրությունների արդյունքներով ու կառուցողական դիտարկումներով։

Քննարկման արդյունքներով ձևավորվեց համատեղ աշխատանքային օրակարգ՝ ուղղված կենտրոնում նորարարական լուծումների ներդրմանը՝ պահպանելով ակադեմիական արժեքները և ապահովելով կրթական գործընթացների շարունակական զարգացումը։ Կարևորվեց հետագայում նման աշխատանքային հանդիպումների և աշխատակազմի վերապատրաստման կազմակերպումը։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին