Գլխավոր էջ





ԳԿՄԿ վարչակազմի անդամները Իտալիայում մասնակցում են ARMDOCT ծրագրի աշխատաժողովին

Նոյեմբերի 15, 2022

Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ս/թ նոյեմբերի 14-17-ը Իտալիայի Տերամոյի համալսարանում անցկացվում է ARMDOCT ծրագրի աշխատաժողովը։

Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների շուրջ 40 ներկայացուցիչ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ։

Բացման խոսքով հանդես եկան Տերամոյի համալսարանի ռեկտոր պրոֆ. Դինո Մաստրոկոլան, Տերամոյի համալսարանից ծրագրի համակարգող պրոֆ. Պաոլա Պիտտան, ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը և այլոք։

Ողջունելով մասնակիցներին՝ ռեկտոր Դ. Մաստրոկոլան ընդգծեց դոկտորական կրթության բարեփոխումների ճանապարհին միջազգային փորձի ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այս գործընթացում կարևոր դեր ու նշանակություն ունի Տերամոյի համալսարանի փորձը, և իրենք կարևորում են ARMDOCT ծրագրի կայացումն ու պատրաստակամ են աջակցելու հայաստանյան գործընկեր բուհերին։ Նա նաև նշեց, որ Զալցբուրգյան սկզբունքներով խրախուսվում են կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են Հայաստանում դոկտորական ծրագրերի բազմազանության և նորարարական կառուցվածքների ներդրման, որոնցից մեկն էլ կարող է լինել դոկտորական դպրոցների ստեղծումն ու զարգացումը։

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը ներկայացրեց ARMDOCT ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացրած աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները։ Նա կարևորեց Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա երրորդ աստիճանի բարեփոխումների համատեքստում ՀՀ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ համատեղ դոկտորական ծրագրերի ներդրումը՝ կոնսորցիումի անդամների սերտ համագործակցությամբ։ Ամփոփելով խոսքը՝ Ա․ Օհանյանը հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում կստեղծվեն ապագամետ նոր դոկտորական ծրագրեր, որոնք գրավիչ կլինեն նաև միջազգային ուսանողների համար։ Աշխատաժողովի առաջին օրը ներկայացվեցին նաև Տերամոյի համալսարանի դոկտորական դպրոցի և դոկտորական կրթական ծրագրերի փորձը։

Հիշեցնենք, որ ARMDOCT ծրագրին մասնակցում են անդամ 15 հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ԲՈԿ-ը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին