Գլխավոր էջ





Լեհաստանի WSB ակադեմիայի դասախոս Յացեկ Կարցը լոգիստիկ թեմաներով եռօրյա դասախոսություններով է հանդես գալիս Կենտրոնում

Մայիսի 11, 2022

Ս.թ. մայիսի 10-ին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Լեհաստանի գործընկեր WSB ակադեմիայի դասախոս, լոգիստիկայի մասնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոկտոր Յացեկ Կարցը հանդես եկավ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործնական ասպեկտները ընկերության ռազմավարական գործունեության մեջ» թեմայով դասախոսությամբ Կառավարման 2-րդ կուրսի հեռակա բաժնի ուսանողների համար:

Միջազգային փորձագետը մասնավորապես ընգծեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համընդհանուր սահմանում գոյություն չունի, քանի որ այդ գաղափարը մշտապես վերասահմանվում է՝ ժամանակի ու պահանջներին համապատասխան, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ընկերության պահպանելու այն արժեքներն ու սկզբունքները, որոնցով նա առաջնորդվում է: Յացեկ Կարցը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը, որն ուղղված է ճանաչելու և գիտակցելու ազդեցության տարբեր գործոնները և կառավարելու բիզնեսն այնպես, որ այն նպաստի սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն ունենալով թե՛ հասարակության և թե՛ բիզնեսի վրա:

Դասընթացն ամփոփվեց մասնակիցների հետ ակտիվ հարցուպատասխանով:

Մայիսի 11-ին դոկտոր Յացեկ Կարցը շարունակելու է առցանց ձևաչափով դասախոսություն կարդալ Հանրային կառավարման առաջին կուրսի, Գործարար վարչարարության առաջին կուրսի հեռակա բաժնի և հեռավար Գործարար վարչարարության ուսանողների համար «Լոգիստիկ համակարգերի ավտոմատացումը և վիրտուալիզացիան» թեմայով, իսկ մայիսի 12-ին դասախոսություն է կարդալու Հանրային կառավարման առաջին կուրսի առկա բաժնի ուսանողների համար «Գաղափարախոսության ազդեցությունը լոգիստիկ ռազմավարություններին առնչվող գործողությունների վրա» թեմայով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին