Գլխավոր էջ





Էկոկենտրոնի և ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դ.Պիպոյանը հանդես եկավ դասախոսություններով Կրակովի ագրարային համալսարանում

Հունիսի 29, 2022

Ս.թ. հունիսի 14-21-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոկենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում դասավանդման նպատակով գտնվում էր Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում:

Համալսարանի ուսանողների համար նախատեսված դասախոսությունը «Սննդակարգային ներգործության ժամանակակից մեթոդները» թեմայով էր: Եվս երկու թեմայով («Նիտրոֆուրանների ռիսկի գնահատում» և «Հնդկաձավարի սպառման արդյունքում առողջական ռիսկի գնահատում») դասախոսություն-քննարկումներ կազմակերպվեցին համալսարանի դասախոսական կազմի, ասպիրանտների և միջազգային ուսանողների համար:

Դ.Պիպոյանը համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ այցելեց նաև լաբորատորիաներ և ծանոթացավ համալսարանի գիտահետազոտական կարողություններին ու ենթակառուցվածքներին:

Երկկողմանի սերտ համագործակցության ամրապնդման նպատակով կազմակերպվեցին հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնց ներկա էին Կրակովի համալսարանի պրոֆեսորներ, ինչպես նաև հայ գործընկերներ՝ Գոհար Խաչատրյանն ու պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին