Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին ձեռք եմ բերել մասնագիտական գիտելիքների հարուստ պաշար», - ԳԿՄԿ ուսանող Վալենտինա Բալագյոզյան

Մայիսի 17, 2023

Վալենտինա Բալագյոզյանը մեր այն ուսումնատենչ ուսանողներից է, ով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում երկրորդ անգամ մագիստրոսական կրթություն է ստանում:

Վալենտինան բակալավրի իր կրթությունն ստացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում: Կենսաբանության մասնագիտացում ձեռք բերելուց հետո նա որոշում է մագիստրոսական կրթությունը ստանալ ԳԿՄԿ-ի դեղագործական քիմիայի ամբիոնում, որն ավարտելուց հետո ցանկանում է մասնագիտանալ նաև մոլեկուլային և բջջային կենսաբանության ոլորտում:

Այժմ Վալենտինան ԳԿՄԿ մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի 1-ին կուրսի ուսանող է:

«ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին ձեռք եմ բերել մասնագիտական գիտելիքների հարուստ պաշար, յուրացրել եմ դեղագիտության և մոլեկուլային կենսաբանության ոլորտների հետազոտություններում կիրառվող նոր և ժամանակակից մեթոդները, և ամենակարևորը՝ ստացել եմ աշխատանքի հնարավորություն ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ադենիլային միացությունների նյութափոխանակության լաբորատորիայում, որտեղ աշխատում եմ առ այսօր՝ որպես կրտսեր գիտաշխատող», - նշում է Վալենտինան:

Վալենտինան նշում է, որ ԳԿՄԿ-ի մագիստրոսական կրթությունը նպաստել է իր մասնագիտական աճին, ապահովել է համակարգային մասնագիտական գիտելիքներով, հնարավորություն տվել մասնակցելու բազմաթիվ գիտական սեմինարների և կոնֆերանսների:

«Աշխատանքում հաջողության հասնելու համար մարդուն անհրաժեշտ են բազում որակներ, որոնցից են աշխատասիրությունը, պատասխանատվությունը, շարունակական ինքնակրթությունը, սերը աշխատանքի նկատմամբ և այլն: Իսկ որպես ԳԿՄԿ ուսանող՝ ապագա մագիստրոսներին խորհուրդ եմ տալիս ուսումնառության ողջ ընթացում պատասխանատվությամբ վերաբերվել կրթական գործընթացին, անընդհատ ինքնակրթվել, օգտվել ԳԿՄԿ-ի հետազոտական ռեսուրսներից», - իր խոսքը եզրափակում է Վալենտինան:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին