ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը հանդիպեց Տուշայի համալսարանի նորընտիր ռեկտոր Տիցիանա Լաուրետիի հետ
Հունիսի 26, 2026
2026 թ․ հունիսի 8-ից 12-ը Իտալիայի Վիտերբո քաղաքում գտնվող Տուշայի համալսարանում տեղի ունեցավ 7-րդ Միջազգային աշխատակազմի շաբաթը՝ «Արհեստական բանականություն, ներառականություն և կայունություն բարձրագույն կրթությունում» խորագրով։
Աշխատակազմի շաբաթվա շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հանդիպեց Տուշայի համալսարանի նորընտիր ռեկտոր Տիցիանա Լաուրետիի հետ։ Կենտրոնի պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանը։
Ջերմ և կառուցողական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու հաստատությունների միջև տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքներին և նախանշեցին հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Քննարկվեցին Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունները, ուսանողների, ակադեմիական և վարչական անձնակազմի շարժունության ընդլայնման հնարավորությունները, համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացումը, ինչպես նաև կրթական գործընթացներում նորարարական և թվային լուծումների ներդրման հեռանկարները։
Պրոֆեսոր Տիցիանա Լաուրետին բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը վերջին տարիներին տվել է շոշափելի արդյունքներ և ստեղծել ամուր հիմք նոր համատեղ նախաձեռնությունների համար։
Իր հերթին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը շնորհավորեց պրոֆեսոր Լաուրետիին համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատեց կենտրոնի հանձնառությունը՝ շարունակելու և առավել խորացնելու համագործակցությունը կրթության, գիտության, ակադեմիական շարժունության և միջազգային ծրագրերի իրականացման ոլորտներում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին



