Աշխատանքային կողմնորոշման այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հունիսի 26, 2025
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից կազմակերպվող աշխատանքային կողմնորոշման այցելությունների շարքի հերթական կանգառը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն էր։ 2025 թվականի հունիսի 25-ի այցելությունը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Արևելագիտություն (թյուրքագիտություն)» մասնագիտության մագիստրանտների ցանկությանն ընդառաջ։ Նպատակը՝ ծանոթանալ թանգարան-ինստիտուտի գործունեությանը, հասկանալ, թե որքանով է կառույցը համապատասխանում իրենց՝ որպես պրակտիկայի և հետագա աշխատանքի վայր։
Այցելող խմբին՝ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի առաջնորդությամբ, դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը։
Ուսանողները ծանոթացան թանգարան-ինստիտուտի գործունեության ընդհանուր ուղղություններին։ Ինստիտուտին ծանոթացումն ապահովվեց գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանի տրամադրած հանգամանալից տեղեկատվությամբ։ Թանգարանի մասին տեղեկատվությունը տրամադրվեց թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի կողմից։
Ծավալվեց հետաքրքիր և կառուցողական հարցուպատասխան, ինչի ընթացքում կողմերը հնարավորություն ունեցած ծանոթանալու միմյանց գործունեության առանձնահատկություններին, ընդհանուր հետաքրքրություններին և միմյանց հետ բազմակողմանի համագործակցություն հաստատելու հնարավորություններին։
Այցելության արդյունքներն ամփոփվեցին ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնից ուսանողներին տրամադրված հետադարձ կապի հարցարանով, ինչի վերլուծությունը հաստատեց այցելության օգտակարությունը։ Այն հնարավորություն էր տվել մագիստրանտներին հասկանալու, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախընտրելի վայր է իրենց պրակտիկայի անցկացման համար, իսկ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետը պատրաստակամություն հայտնեց քննարկելու այդ պահանջարկը ԳԿՄԿ տնօրենության հետ՝ դրա իրականություն դառնալը համապատասխան ընթացակարգով ապահովելու նպատակով։ Ուսանողներից երկուսի համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձավ աշխատանքի ցանկալի վայր․ նրանք պատրասակամություն հայտնեցին միանալու ազգանվեր հաստատության նվիրյալների թիմին։
Ուսանողները բարձր էին գնահատել այցելության կազմակերպվածության աստիճանը թե՛ ԳԿՄԿ-ի, թե՛ թանգարան-ինստիտուտի կողմից՝ իրենց պատասխաններում հաստատելով նաև աշխատանքային կողմնորոշման այցելությունների կազմակերպման նպատակահարմարությունը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին