Գլխավոր էջ





ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները

Սեպտեմբերի 24, 2025

2025թ․ սեպտեմբերի 23-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կետրոնի (ԳԿՄԿ) իրավագիտության մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորական ուղերձով միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն, տ․գ․թ․ Արմեն Սարգսյանը՝ իր խոսքում նշելով․ «Սիրելի՛ շրջանավարտներ, սա միայն ձեր անձնական նվաճումը չէ, այլև մեր ընդհանուր հաջողությունը, քանի որ ձեր յուրաքանչյուր ձեռքբերում հարստացնում է նաև մեր երկրի գիտական ու կրթական ներուժը»։

Տնօրենը հիշեցրեց, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ազգային արժեք է, մեր ժողովրդի գիտական ու մտավոր ուժի խորհրդանիշը, և ԳԿՄԿ-ն՝ որպես Ակադեմիայի կազմում գործող հաստատություն, կրում է այդ պատվաբեր ավանդույթները՝ կրթելով մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներով ու սկզբունքներով պիտի ծառայեն հասարակությանը և հայրենիքին։

Ա․Սարգսյանը հատուկ անդրադարձ կատարեց իրավագետի մասնագիտության բարձր առաքելությանը՝ հորդորելով շրջանավարտներին մշտապես համապատասխանել իրավագետ մագիստրոսի կոչմանը։ Նա ընդգծեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, դուք ընտրել եք բարդ, բայց պատվաբեր ուղի։ Իրավաբան լինելը նշանակում է ստանձնել պատասխանատվություն հասարակության և պետության առջև։ Դուք դառնում եք այն մասնագետները, ովքեր իրենց գիտելիքներով և արժեհամակարգով կոչված են պաշտպանելու արդարությունը, հզորացնելու օրենքի գերակայությունը և նպաստելու մեր երկրի զարգացմանը։ Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերված գիտելիքները, փորձառությունը և մեր կենտրոնի արժեքային մթնոլորտը կդառնան ձեր ապագա մասնագիտական հաջողությունների ամուր հիմքը։ Թող ձեր կյանքում բացված այս նոր էջում ամեն մի քայլ լինի վստահ և նպատակասլաց։ Մշտապես հիշե՛ք, որ իրավաբանի ուժը ոչ միայն օրենքի իմացության մեջ է, այլև սկզբունքայնության և արդարության նկատմամբ հավատարմության։ Շնորհավորելով բոլորիդ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն լինի ի նպաստ Հայաստանի և հանուն արդարության հաղթանակի»։

Տնօրենը շնորհակալություն հայտնեց Իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ի դեմս ամբիոնի վարիչ Ս․Բաբայանի՝ դասավանդման ոլորտում կատարած որակյալ աշխատանքի և դրսևորած նվիրման համար։

Հաջորդիվ հնչեց ԳԿՄԿ Իրավագիտության ամբիոնի վարիչ, ի․գ․թ․ Սիմոն Բաբայանի շնորհավորական ուղերձը, որում ընդգծված էին ոլորտի փորձառու մասնագետի և ավագ գործընկերոջ խորհուրդները՝ ուղղված մագիստրոսների հետագա ուղին ավելի գրագետ կառուցելուն։ Ս․ Բաբայանն իր խոսքը սկսեց շրջանավարտներին ուղղված շնորհակալությամբ՝ ուսումնական գործընթացին իրենց ունեցած հավուր պատշաճի մասնակցության համար։ Ապա ամբիոնի վարիչի շնորհակալական խոսքն ուղղվեց ԳԿՄԿ-ի վարչակազմին՝ ամբիոնի համար ակադեմիական ազատության միջավայր ապահովելու և ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։

Շրջանավարտներին դիմելով արդեն որպես գործընկերների՝ Ս․ Բաբայանը հորդորեց․ «Դուք կրթական մակարդակում հասել եք բարձրագույն կրթության ամենաբարձր կետին։ Սրանից հետո կրթական ուղղությունը չի լինելու, այլ լինելու է գիտական ուղղությունը՝ հայցորդության կամ ասպիրարանտության ճանապարհով գիտական աստիճանի ձեռբերումը։ Դուք ընտրել ենք այնպիսի մասնագիտություն, որ ձեզ ստիպելու է պարբերաբար, ամեն օր սովորել դա է իրավագետ մագիստրոսի կոչմանը մշտապես համապատասխանելու միակ տարբերակը։ Մասնագիտական ինչ ուղի էլ ընտրեք, ամեն օր սովորելու եք, ու այդ առումով մենք դեռ հանդիպելու ենք տարբեր հարթակներում՝ իրավագիտության՝ ձեր ընտրած ամենատարբեր բնագավառներում»։

Արտահայտվեցին նաև շրջանավարտները՝ հնչեցնելով երախտագիտության խոսք առ այն, որ անցած երկու տարիները մեծապես նպաստել են իրենց մասնագիտական գիտելիքների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնելով՝ շարունակաբար ինքնակրթվելու և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի անունը բարձր պահելու։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին