ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը մասնակցեց ECER-2025 միջազգային գիտաժողովին
Սեպտեմբերի 23, 2025
Սույն թվականի սեպտեմբերի 8-12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ Կրթության համաշխարհային ասոցիացիայի (EERA) կողմից կազմակերպվող կրթական հետազոտությունների համաեվրոպական ամենամյա գիտաժողովը (ECER-2025 Belgrade), որին այս տարի բանավոր զեկուցմամբ մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Վարդանյանը:
Գիտաժողովի գլխավոր թեման էր՝ «Ուրվագծելով առաջ տանող ճանապարհը. կրթություն, հետազոտություն, ներուժ և հեռանկարներ» (Charting the Way Forward: Education, Research, Potentials and Perspectives)։ Այն անդրադարձավ կրթության և կրթական հետազոտությունների ներկայիս փորձին, նոր հնարավորություններին ու ապագայի հեռանկարներին։
ECER-2025-ը ներառեց լիագումար և թեմատիկ նիստեր, աշխատարաններ, քննարկումներ ու ցանցային հանդիպումներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնելու իրենց հետազոտությունները, այլև ստեղծելու նոր կապեր՝ եվրոպական ու համաշխարհային գիտական համայնքի շրջանակում։
Նարինե Վարդանյանը ԵՊՀ գործընկերոջ՝ Ալվարդ Սեմիրջյանի հետ ներկայացավ բանավոր զեկուցմամբ՝ «Արհեստական բանականության դերը դիվանագիտական լեզվի ուսուցման գործում. հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով: Գիտաժողովի աշխատանքներին Ն. Վարդանյանի մասնակցությունը հնարավոր եղավ ՀՀ ԳԱԱ և Հովնանյան ընտանեկան հիմնադրամից ստացված դրամաշնորհների շնորհիվ:
Տեղեկացնենք, որ ECER-ը (European Conference on Educational Research) եվրոպական ամենամեծ կրթական գիտաժողովներից է, որն ամեն տարի համախմբում է հազարավոր հետազոտողների, փորձագետների և կրթության քաղաքականություն մշակողների։ Այն հարթակ է գիտելիքի փոխանակման, նորարարական գաղափարների ներկայացման և միջազգային համագործակցության։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին