Erasmus+ պատմություն․ Անահիտ Մանուկյան, Բոլոնիայի համալսարան
Հոկտեմբերի 21, 2025
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Կրթության կառավարարում» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Անահիտ Մանուկյանը Erasmus+ ուսանողների շարժունության ծրագրի շրջանակներում 1 կիսամյակ ուսանել է Բոլոնիայի համալսարանում։ Նա վերջերս է վերադարձել և այս հարցազրույցում կիսում է իր տպավորությունները։
– Անահի՛տ, որքանո՞վ էր քեզ համար սպասված ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական շարժունության ծրագրի մասնակից դառնալը։
– Այս ծրագրին մասնակցելը համընկնում էր իմ ակադեմիական ձգտումների հետ՝ հասկանալու կրթության կառավարման միջազգային չափորոշիչները և համեմատելու դրանք Հայաստանի կրթական համակարգի հետ։ Այդ պատճառով ծրագրին մասնակցելն ինձ համար ոչ միայն սպասված, այլ նաև նպատակային քայլ էր։ Ծրագիրը դարձավ իմ կրթական ճանապարհի կարևորագույն փուլերից մեկը, և ես շնորհակալ եմ ԳԿՄԿ-ից՝ ինձ նման հնարավորություն տված լինելու համար։
– Ինչու՞ որոշեցիր մասնակցել շարժունության ծրագրին։
– Մասնակցելու որոշումս պայմանավորված էր մասնագիտական զարգացման ձգտումով․ շարժունության ծրագիրը հնարավորություն էր՝ ուսումնասիրելու եվրոպական կրթական համակարգի կառավարման մոդելները և համեմատելու դրանք հայկական իրականության հետ։ Միշտ ցանկացել եմ տեսնել, թե ինչպես է կրթական գործընթացը կազմակերպվում տարբեր մշակույթներում։ Սա ինձ համար կարևոր քայլ էր՝ որպես կրթության կառավարման ապագա մասնագետ։
– Ի՞նչ տարար քեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։
– Ես Եվրոպա մեկնեցի ոչ միայն որպես ուսանող, այլև որպես մշակութային ու գիտակրթական արժեքների կրող։ Իմ նպատակը՝ ներկայացնել Հայաստանի կրթական ավանդույթներն ու մշակութային առանձնահատկությունները։ Այս փորձը թույլ տվեց ներկայացնել մեր երկիրը, կիսվել հայ մշակույթի արժեքներով։
– Ի՞նչ տեսար հյուրընկալած համալսարանում, Բոլոնիայում և ուղևորությանդ ընթացքում այցելածդ քաղաքներում։
– Բոլոնիայի համալսարանում տեսա ուսուցման նորարարական ձևեր, որտեղ ուսանողի կարծիքն իսկապես կարևոր է։ Ուղևորությանս ընթացքում այցելածս քաղաքներում ինձ տպավորեց մարդկանց ջերմությունը և մշակութային յուրահատկությունները։
– Ի՞նչ ստացար հյուրընկալած համալսարանում։
– Հյուրընկալած համալսարանից ես ստացա գիտելիքներ, հմտություններ և մշակութային փորձ, որ մեծապես հարստացրին իմ մասնագիտական և անձնական աշխարհայացքը։
– Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդաբանությամբ տրվեց քեզ այդ ամենը։
– Գիտելիքը և փորձն ինձ տրվեցին ակտիվ և ինտերակտիվ մեթոդներով՝ դասախոսություններ, գործնական աշխատանքներ, խմբային նախագծեր և միջազգային քննարկումներ, որոնք նպաստեցին իմ գիտելիքների ու հմտությունների խորացմանը։
– Ավելի շատ գիտելի՞ք, թե՞ գործնական կարողություն, հմտություն ստացար։
– Դասերի ընթացքում ես ձեռք բերեցի և՛ գիտելիքներ, և՛ գործնական հմտություններ, բայց ամենաէականը գործնական կարողությունն էր․ տրված գիտելիքը մենք կարողանում էինք կիրառել այն ստանալուց անմիջապես հետո՝ շնորհիվ տարբեր խմբային աշխատանքների։
– Ի՞նչ բերեցիր քեզ հետ որպես ոչ նյութական արժեք՝ որպես գիտելիք, կարողություն, հմտություն, գաղափար, հույզ։
– Ինձ հետ Հայաստան բերեցի ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև հույզեր, որ ինձ համար անգնահատելի են և կուղեկցեն ողջ կյանքիս ընթացքում։ Հենց հույզերն են, որ առաջ կմղեն ինձ և կստիպեն իրականացնել մյուս նպատակներս։
– Համեմատելով քեզ մինչ Բոլոնիա մեկնելդ և վերադարձից հետո՝ ի՞նչ փոփոխություններ կնշես։
– Միշտ կասկածել եմ սեփական ուժերիս և անվստահ եմ եղել, երբեք համարձակություն չեմ ունեցել մեծ փոփոխություն անելու իմ կյանքում, և դա ինձ շատ է խանգարել։ Բայց Բոլոնիայից վերադառնալով՝ զգացի, որ փոխվել եմ՝ դարձել ավելի ինքնավստահ, համարձակ և նախաձեռնող։ Հուզական առումով՝ ես ավելի բաց ու համարձակ դարձա նոր մարդկանց ու մշակույթների նկատմամբ, ավելացավ իմ ներքին վստահությունն ու ոգևորությունը՝ փորձելու նոր բաներ, ընդունելու մարտահրավերներ։
– Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերին մասնակից դառնալը։
– Շարժունության ծրագրերին մասնակցությունը հայ ուսանողների համար ոչ միայն հետաքրքիր է, այլև չափազանց կարևոր, քանի որ դրանք բացում են նոր աշխարհ, ներկայացնում նոր գաղափարներ, մշակույթներ և հնարավորություններ։ Բացի այդ՝ այս ծրագրերը նպաստում են անձնական աճին՝ զարգացնելով ինքնավստահությունը, նախաձեռնողականությունը, և հնարավորություն տալիս՝ ձեռք բերելու նոր ընկերներ տարբեր երկրներից։
– Որքանո՞վ ես գոհ այս ծրագրին քո մասնակցությունից։
– Ասել՝ գոհ եմ, կնշանակի ոչինչ չասել․ ծրագրին մասնակցությունս ինձ տվեց նոր փորձ, հմտություններ, ինքնավստահություն և միջազգային ընկերներ։
– Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս ուսանողներին, որ դեռ չեն մասնակցել կամ չեն կողմնորոշվում՝ մասնակցե՞լ նման ծրագրերի, թե՞ ոչ։
– Եթե դուք դեռ չեք մասնակցել նման ծրագրերի, մի՛ վարանեք․ սա հիանալի հնարավորություն է՝ բացահայտելու աշխարհը, հանդիպելու նոր ընկերների, ծանոթանալու տարբեր մշակույթների և միաժամանակ ինքնազարգանալու։ Այս փորձը ձեզ կտանի անհավանական ճանապարհորդության՝ ոչ միայն երկրներով, այլև ձեր ներքին աշխարհով։
Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի
և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը

