Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում տեղի ունեցավ 2025 թվականի տարեկան հաշվետու ժողովը

Դեկտեմբերի 19, 2025

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում ԳԿՄԿ-ի 2025 թվականի աշխատանքների տարեկան ամփոփիչ հաշվետվության ներկայացումն էր:

Նիստին ներկա էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամները, ուսանողներ և տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

Նիստի բացման խոսքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա.Սարգսյանը ողջունեց բոլոր ներկաներին և հաստատման դրեց օրակարգը: Տնօրենը ներկայացրեց հաշվետու տարում ԳԿՄԿ-ում կատարված աշխատանքները և միջոցառումները:

Ելույթում արտացոլվեցին Կենտրոնի ուսումնական գործընթացի, արտաքին կապերի և միջազգայնացման, գիտական գործունեության, ենթակառուցվածքների և էլեկտրոնային ռեսուրսների զարգացման, հանրային կապերի և ուսանողական ակտիվության, որակի ապահովման, մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Ներկայացվեցին հաշվետու տարում գրանցված ցուցանիշները՝ փաստելով դրական ցուցանիշների աճ: Պարզ դարձավ, որ այն դրական փորձը, որ Կենտրոնը ձեռք էր բերել նախորդ տարիների ընթացքում, լավագույնս պահպանվել է և բարելավվել հաշվետու տարում:

 Նշվեց, որ հաշվետու տարում ակտիվորեն շարունակվել են Կենտրոնի ﬕջազգայնացմանն ուղղված գործընթացները։ Ընդլայնվել են գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային կապերը, ներդրվել են միջազգային շարժունության նոր ծրագրեր: Կարևորվեց նաև Higher Education Ranking համալսարանների միջազգային վարկանիշային աղյուսակում (422 բուհերի մեջ 305-րդը) Կենտրոնի դիրքերի բարելավման փաստը։

Կենտրոնի աշխատակիցները և ուսանողերը շարունակել են ակտիվություն դրսևորել գիտական աշխատանքների ոլորտում, ինչն արտահայտվել է հրատարակված հոդվածների մեծ քանակի, գիտական միջոցառումների կազմակերպման, հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովներին մասնակցության, գրքերի և Կենտրոնի գիտական ամսագրերի հրատարակման ձևով: Հատուկ ընդգծվեց Scopus և Web of Science միջազգային շտեմարաններում ընդգրկված ամսագրերում տպագրված հոդվածների աճը: Կենտրոնի գիտական հաջողությունների շարքում կարևորվեցին նաև միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացված և իրականացվող աշխատանքները:

Նշվեց, որ Կենտրոնի և արտերկրի բուհերի հետ համատեղ մշակվել են կրկնակի դիպլոմի շնորհմամբ 2 մագիստրոսական ծրագիր, որից մեկը արդեն մեկնարկել է։

Մշտադիտարկում է անցել՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ, Կենտրոնի գործող ՄԿԾ-ների  շուրջ 95 տոկոսը։

Վերաբացվել է հեռավար հանդիպումների դահլիճը՝ վերազինված անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և գույքով։

Աշխատանքներ են տարվել ուսանողների մշակութային կյանքի կազմակերպման, լսարանային ֆոնդի տեխնիկական բարելավման և այլ ուղղություններով:

Կարևորվեց նաև այն, որ հաշվետու տարում Կենտրոնում իրականացված աշխատանքները լայնորեն լուսաբանվել են Կենտրոնի կայքում և սոցցանցային էջերում, որոնցում, ի դեպ, նկատվել է հետևորդների և այցելուների քանակական աճ։

Հավանության արժանացնելով կատարված արդյունավետ աշխատանքները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամները միաձայն հաստատեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տարեկան ամփոփիչ հաշվետվությունը։

 Վերջում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի մասնակցությամբ ծավալվեց ակտիվ քննարկում՝ ուղղված ԳԿՄԿ-ի ապագային, տեղին ու դերին՝ հայաստանյան գիտակրթական միջավայրի և օրենսդրական փոփոխությունների համատեքստում:

 

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին