Job.am-ի և ԳԿՄԿ-ի ներկայացուցիչները քննարկեցին կարիերայի հարցեր
Դեկտեմբերի 19, 2025
Դեկտեմբերի 18-ին Job.am-ը՝ ի դեմս բրենդի և հաղորդակցության մենեջեր Լիլիթ Խլղաթյանի և SMM մենեջեր Զեփյուռ Ղազարյանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) անցկացրեց ճանաչողական հանդիպում՝ ներկայացնելու արդի աշխատաշուկայի՝ իրենց նկատած մարտահրավերները և կարիերայի խթանման ուղղությամբ իրենց մշակած լուծումները:
Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը՝ բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի գլխավորությամբ:
Հիմնական բանախոսը՝ Լիլիթ Խլղաթյանը, մեծ պատրաստակամությամբ ներկայացրեց job.am հարթակի բոլոր հնարավորությունները, արդի աշխատաշուկայի հիմնական մարտահրավերները, ցանկալի աշխատանք գտնելու գործողություններն արդյունավետ դարձնելու որոշ գաղտնիքներ: Հատուկ անդրադարձ կատարվեց մրցունակ CV և մոտիվացիոն նամակ գրելու նրբություններին:
Հանդիպմանն առցանց հետևում էին նաև ԳԿՄԿ ուսանողները և շրջանավարտները, որ ակտիվորեն հարցեր ուղղեցին բանախոսներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
Քննարկվեցին ԳԿՄԿ-ի և job.am-ի միջև տևական համագործակցություն հաստատելու հնարավորությունները՝ ի նպաստ ԳԿՄԿ ուսանողների և շրջանավարտների կարիերայի խթանման: Կողմերը որոշում կայացրին՝ առաջիկայում դրանց մանրամասն քննարկմանը վերադառնալու:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
