ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում շնորհվեցին խրախուսական հուշամեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր
Հունիսի 18, 2025
2025 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ Կենտրոնի կուրսերի ավագների ընդլայնված ժողովը՝ ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԳԿՄԿ աշխատակիցներից միջոցառմանը ներկա էին տնօրեն Արմեն Սարգսյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը, Հանրային կապերի և կարիերայի բաժնի մասնագետ Վիկտորյա Սարջանյանը։
Օրակարգում կար չորս հարց՝
- ՈւԽ և ՈւԳԸ նախագահների տարեկան հաշվետվությունների լսում,
- ուսանողների շրջանում առաջիկա միջոցառումների մասին քննարկում,
- հավաստագրերի և շնորհակալագրերի հանձնում մագիստրանտներին՝ ՈւԽ և ՈւԳԸ միջոցառումներին մասնակցության և աջակցության համար,
- անվանական հուշամեդալների հանձնում ուսանողներին։
Ուսանողական խորհրդի նախագահ Լիանա Գյուրջյանի և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Հռիփսիմե Խաչարյանի հաշվետու ելույթները փաստեցին, որ անցնող ուստարում Կենտրոնի ուսանողական կառույցները ծավալել են բեղուն գործունեություն՝ դրսևորելով ուսանողական ինքնավարության լավագույն օրինակ և նպաստելով Կենտրոնի ճանաչելիության ու գիտակրթական բարի համբավի բարելավմանը։
Հրավիրված ժողովը հիշարժան էր հատկապես նրանով, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի պատմության մեջ առաջին անգամ Կենտրոնի ուսանողներին շնորհվեցին անվանական հուշամեդալներ։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Ուսանողական գիտական ընկերությունում ունեցած արդյունավետ գործունեության, կազմակերպչական նախաձեռնությունների և մասնագիտական ձեռքբերումների համար հուշամեդալներ շնորհվեցին Հռիփսիմե Խաչատրյանին, Լիանա Գյուրջյանին, Լուսինե Մխիթարյանին, Նարեկ Սահակյանին և Մարգարիտա Ոսկանյանին։
Գիտակրթական և մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցած և ակտիվ մասնակցություն ունեցած ԳԿՄԿ ուսանողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և հավաստագրերով։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ողջունելով և շնորհավորելով մասնակիցներին, մասնավորապես նշեց․ «Մենք մշտապես կարևորում ենք ուսանողական կառույցների կողմից կազմակերպվող գիտակրթական և մշակութային միջոցառումները, քանի որ դրանք ստեղծում են բարենպաստ միջավայր նոր համագործակցությունների և նախագծերի ձևավորման համար։ Ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին ՈւԳԸ-ի և ՈւԽ-ի համատեղ միջոցառումները ևս մեկ անգամ փաստում են, որ ջանքերը միավորելով՝ հնարավոր է բարձր մակարդակով կյանքի կոչել ամենահետաքրքիր ու նորարարական նախաձեռնությունները։ Դրանց հաջողությունը պայմանավորված է ոչ միայն յուրաքանչյուրիդ անհատական ներդրմամբ այլև միասնական, թիմային աշխատանքով։ Հուսով եմ, որ ձեր գործունեությամբ մշտապես բարձր կպահեք Կենտրոնի հեղինակությունը։ Շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին՝ իրենց նվիրումի, աշխատասիրության և պատասխանատվության համար»։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը՝ մասնակիցներին մաղթելով նորանոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։
Միջոցառումն ամփոփվեց ուսանողների կողմից հնչեցված շնորհակալության խոսքով՝ ուղեկցված ԳԿՄԿ գիտակրթական արժեքները կարևորելու և դրանց հավատարիմ մնալու հանձնառությամբ։
Ավելի շատ լուսանկարներ՝ կայքի «Պատկերասրահ» բաժնում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին