Գլխավոր էջ





AFISHE ծրագրի հերթական հանդիպումը Ուկրաինայում

Սեպտեմբերի 17, 2025

2025թ. սեպտեմբերի 15-16-ին Սումիի ազգային ագրարային համալսարանում (Ուկրաինա) կայացավ Erasmus+ AFISHE ծրագրի («Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») վեցերորդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցեցին ծրագրի գործընկերները Հայաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Պորտուգալիայից և Խորվաթիայից։

Առաջին օրը ուկրաինական գործընկերները ներկայացրին իրենց ծրագրի արդյունքները և հետագա ծրագրերը՝ ընդգծելով ձկնաբուծության և ձկնորսության կրթության ոլորտում իրենց ձեռքբերումները, ինչպես նաև ակադեմիական կայուն միջավայր ստեղծելու և գործընկերային ցանցը զարգացնելու քայլերը։ Ուկրաինայի ձկնաբուծության և ձկնորսության ոլորտի շահագրգիռ կողմերը նույնպես մասնակցեցին առցանց քննարկմանը՝ ներկայացնելով առկա մարտահրավերներն ու հեռանկարները։

Երկրորդ օրը հիմնականում կենտրոնացված էր ծրագրի կառավարման և հաշվետվության վրա։ Եվրոպական կրթության  և մշակույթի գործադիր գործակալության ծրագրի պատասխանատու Էմանուել Գերթը ներկայացրեց վերջնական հաշվետվության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանը ղեկավարեց որակի ապահովման, ֆինանսական կառավարման և ազդեցության վերաբերյալ քննարկումները։ Կարևորվեց նաև AFISHE ծրագրի առաջիկա եզրափակիչ համաժողովը, որը տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 5–7-ին Երևանում և կազդարարի ծրագրի ավարտը։

Հանդիպումը Ուկրաինայում լուսաբանման միջոցառում էր, որի ընթացքում ներկայացվեցին ազգային արդյունքները, նախապատրաստվեցին ծրագրի եզրափակիչ փուլն ու եզրափակիչ համաժողովը։