Գլխավոր էջ





ԳԿՄԿ դասախոս Հասմիկ Մակարյանի դասախոսությունների շարքը Լեհաստանում

Ապրիլի 16, 2026

Սույն թվականի մարտի 23-27-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության ամբիոնի դասախոս Հասմիկ Մակարյանը Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով հյուրընկալվել է Կրակովի  ազգային կրթության հանձնաժողովի համալսարանի (University of the National Education Commission, UKEN) Իրավունքի, տնտեսագիտության և վարչարարության ինստիտուտում։ Այցի նպատակն է եղել դասախոսություններով հանդես գալը և փորձի փոխանակումը։

ԳԿՄԿ-ի և կրակովյան համալսարանի միջև փորձի փոխանակումն ունի հաջողված պատմություն։ Հյուրընկալող աշխատակիցների կազմում է եղել նաև դոկտոր Պյոտր Ուհման՝ բոլորովին վերջերս դասախոսությամբ ԳԿՄԿ-ում հյուրընկալված։

Լեհ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ակադեմիական համագործակցությանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացում գործնական հմտությունների զարգացմանն առնչվող մոտեցումները և հնարավորությունները։

Հ․Մակարյանի դասախոսությունները վերաբերել են ուսանողների մասնագիտական և անձնային զարգացմանը նպաստող թեմաների, ինչպես՝

  • ժամանակի կառավարմանը,
  • առաջնորդությանը,
  • փափուկ հմտությունների զարգացմանը։

Դասախոսությունները կառուցվել են ոչ միայն տեսական նյութի ներկայացման, այլև ինտերակտիվ մեթոդների վրա՝ ապահովելով ուսանողների ակտիվ ներգրավվածությունը։

Ըստ Հ․ Մակարյանի՝ այցն իրեն հնարավորություն է տվել ոչ միայն փոխանցելու իր գիտելիքները, այլև հարստանալու լեհական բուհական համակարգի փորձով, հաստատելու մասնագիտական կապեր՝ հետագա համագործակցության ուղղությունների նախանշմամբ։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին