Գլխավոր էջ





Կենսաբազմազանության ուսումնասիրության և ավիատիեզերական սարքաշինության ոլորտները համալրվեցին առաջամարտիկ մագիստրոսներով

Սեպտեմբերի 11, 2026

Ս․թ․ սեպտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) օրը իրադարձային էր․ ավարտական դիպլոմներ շնորհվեցին ՀՀ-ում եզակի երկու մագիստրոսական ծրագրերի շրջանավարտներին։ Հանդիսավորությամբ մագիստրոսի դիպլոմներ հանձնվեցին «Ավիատիեզերական սարքաշինություն» ծրագրի երկրորդ սերնդի և «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» ծրագրի առաջին սերնդի շրջանավարտներին։

Միջոցառումը բացեց դեկան Ատոմ Մխիթարյանը։ Նա ընդգծեց օրվա կարևոր նշանակությունը ոչ միայն ԳԿՄԿ-ի, այլև Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի համար առհասարակ, քանի որ կյանք էին ճանապարհվում երկրի ու աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու ոլորտների մագիստրոսական ծրագրերի առաջին և երկրորդ սերունդների շրջանավարտները՝ որպես սպասված մասնագետներ հասարակության համար։ Նա ջերմորեն շնորհավորեց շրջանավարներին՝ մաղթելով շարունակական վերելքներ։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի վարիչ, կենսաբ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ալլա Ալեքսանյանը և Ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոնի վարիչ, տեխն․, գիտ․ թեկնածու Անդրանիկ Աղաջանյանը։

Ալլա Ալեքսանյանն իր խոսքում նշեց․ «Այս օրը առանձնահատուկ է ինձ համար, քանի որ կյանքի է կոչվել իմ մասնագիտական երազանքը՝ մասնագիտական գիտելիքներս ու փորձս նոր սերնդին փոխանցելու հնարավորություն ունենալը։ Շնորհակալ եմ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենությունից՝ այս հնարավորությունը ինձ տալու համար, և իմ մասնագետ գործընկերներից՝ այս գաղափարի իրագործման ճանապարհին միասին անցած ուղու համար։ Այսօր մենք կյանք ենք ճանապարհում այս շատ կարևոր կրթական ծրագրի առաջին սերնդի մագիստրոսներին։ Ուրախ եմ տեսնել, որ մեր պատրաստած կադրերը ոլորտում պիտանի են և իրենց տեղը կգտնեն»։

Անդրանիկ Աղաջանյանը շեշտադրեց․ «Մենք հետաքրքիր ճանապարհ ունեցանք երկու տարի։ Ավարտը շատ տպավորիչ էր։ Բազմաթիվ լուրջ թեզեր պաշտպանվեցին, որոնք ոչ միայն գիտական-ինժեներական տեսանկյունից հետաքրքիր էին, այլև օգտակար՝ մեր երկրին, մեր ոլորտի ընկերություններին։ Շատերիդ հետ արդեն գործընկերներ ենք, և ուրախ եմ, որ բոլորդ ներգրավված եք ոլորտում։ Հաշվի առնելով ոլորտի կարևորությունը՝ մեր վերջնանպատակն է եղել՝ պատրաստել որակյալ առաջամարտիկներ։ Շատ ուրախ եմ, որ մեր երկրին, մեր հայրենիքին օգտակար մարդիկ եք բոլորդ, ու չեմ կասկածում, որ մեծ հաջողությունների եք հասնելու այս կարևոր ոլորտում»։

Դիպլոմներ ստանալուց հետո շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտները։

«Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» ծրագրի գերազանց շրջանավարտ Արմինե Արշակյանն իր խոսքում ընդգծեց․  «Մենք ունեցել ենք երկու հրաշալի տարի այն գիտելիքները, որ մենք ստացել ենք, ուղղակի անփոխարինելի են։ Սա իմ կյանքի լավագույն որոշումն էր՝ գալ և շարունակել իմ ուսումը այստեղ։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր ստեղծել են այս ամբիոնը։ Վստահ եմ, որ երկար ճանապարհ կանցնենք այս ոլորտում»։

«Ավիատիեզերական սարքաշինություն» ծրագրի շրջանավարտ Դավիթ Մամյանը նշեց․ «Անցած երկու տարիները եղել են բարդ, բայց շատ հետաքրքիր։ Շնորհակալ ենք մեզ տրված գիտելիքների ու հմտությունների համար։ Այստեղ մեզ սովորեցրին քրտնաջան աշխատել, ինչի արդյունքում զգում ենք, որ ամբողջական գիտելիքներով ենք հեռանում ու կհասնենք մասնագիտական մեծ հաջողությունների»։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին