ԳԿՄԿ-ում կայացավ ամենամյա միջազգային գիտաժողովը
Հունիսի 9, 2026
Ս․թ․ հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ ամենամյա միջազգային գիտաժողովը։ Այն այս տարի կրում էր «Միջգիտակարգային հետազոտություններ և նորարարական տեխնոլոգիաներ» խորագիրը։
Օրակարգում ընդգրկված էր 45 գիտական զեկույց՝ նվիրված գիտության ամենատարբեր ոլորտների արդիական խնդիրներին, որոնց լուծումներում կային կիրառական արժեքավոր առաջարկներ։
Գիտաժողովի աշխատանքները սկիզբ առան լիագումար նիստին և շարունակվեցին «Հոգեբանություն», «Կրթության կառավարում», «Լեզվաբանություն և բանասիրություն», «Տնտեսագիտություն», «Պատմություն և սոցիոլոգիա», «Բնական գիտություններ» բաժանմունքներում։
Բացի հեղինակ մասնակիցներից և հյուրերից՝ գիտաժողովին ներկա էին նաև ԳԿՄԿ տնօրենության կազմի ներկայացուցիչները և տարբեր ամբիոնների դասախոսներ։
Լիագումար նիստը վարեց ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հոգեբ․ գիտ․ դոկտոր, պրոֆ․ Նաիրա Հակոբյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա բոլորին մաղթեց ստեղծագործական և բեղմնավոր աշխատանք։
Գիտաժողովը բացեց ԳԿՄԿ տնօրեն, տնտ․ գիտ․ թեկնածու Արմեն Սարգսյանը։ Ողջունելով բոլոր ներկաներին և արդյունավետ ընթացք մաղթելով գիտաժողովին՝ նա ընդգծեց․ «Այսօր մենք հավաքվել ենք մի գաղափարի շուրջ, որը բոլոր ժամանակներում եղել է մարդկության առաջընթացի հիմքը՝ գիտելիքի ստեղծման, տարածման և զարգացման գաղափարի։ Արագ փոփոխվող աշխարհում գիտությունը վաղուց դուրս է եկել առանձին ոլորտների սահմաններից։ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են նոր մտածողություն, նոր մոտեցումներ և, ամենակարևորը, համագործակցություն։ Հենց այդ պատճառով գիտական առաջընթացի կարևորագույն նախապայմաններից մեկը դարձել է միջգիտակարգային երկխոսությունը, երբ տարբեր ոլորտների գիտնականներ միավորում են իրենց գիտելիքն ու փորձը՝ նոր լուծումներ գտնելու համար։ Այս գիտաժողովը հենց այդպիսի հարթակ է»։ Տնօրենը կարևորեց նաև տարբեր սերունդների՝ գիտաժողովին մասնակցության հանգամանքը՝ գնահատելով դա որպես ավանդույթի և նորարարության հանդիպում՝ ի նպաստ մեր գիտական ներուժի զարգացման և պետության կայուն առաջընթացի։
Ողջույնի խոսքով հանդես եկան ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ, բ․գ․թ․, դոցենտ Նարինե Վարդանյանը և ԳԿՄԿ դեկան, ֆիզմաթ գիտ․ թեկնածու, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը։
Նարինե Վարդանյանն իր խոսքը կառուցեց բարձրագույն կրթության ոլորտի փորձագետի դիրքերից՝ կարևորելով գիտության և կրթության շարունակական արդիականացումը բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացում՝ դրանում ընդգծելով նմանատիպ գիտաժողովների դերակատարումը, որտեղ պատրաստի լուծումներ ներկայացնելուց զատ՝ պակաս կարևոր չէ նոր հարցադրումների ձևակերպումը։
Ատոմ Մխիթարյանն իր խոսքում գիտական երկխոսության դաշտ բերեց «ամբողջագետ» նորաբանությունը՝ կապակցելով դա գիտաժողովի խորագրի հետ։ Ըստ նրա՝ 21-րդ դարի գիտակրթական զարգացումներն ու մարտահրավերները պահանջում են, որ մասնագետներն ինչ-որ չափով լինեն նաև ամբողջագետ, այսինքն՝ իրենց մասնագիտական գիտելիքից զատ՝ որոշ չափով տիրապետեն նաև տարբեր ոլորտների գիտելիքների՝ իրենց առջև դրված գիտական խնդիրներին առավել ամբողջական լուծումներ տալու համար։
Լիագումար նիստը շարունակվեց գիտական զեկույցներով, որոնք էին՝
- տնտ․ գ․ դ․, պրոֆ․ Արմինե Շահոյան (ԱՄՆ) – «Բիզնես կրթության զարգացումը (1995–2025)․ կառավարչական հիմունքներից դեպի տվյալահեն և գլոբալ ուսումնական ծրագրեր»,
- բ․գ․թ․, դոցենտ Գոհար Գրիգորյան (ԳԿՄԿ) – «Սպորտային դարձվածքները սպորտից դուրս. ավանդական և 21-րդ դարի արտահայտությունները քաղաքական, գործարար և առօրյա անգլերեն խոսույթում»,
- հոգեբ․ գ․թ․, դոցենտ Արայիկ Ֆիրյան (ԳԿՄԿ) – «Խոսքի և հաղորդակցական գործառույթների դերը հոգեթերապևտիկ պրակտիկայում՝ տրավմատիկ փորձառությունների մշակման համատեքստում»,
- ք․գ․թ․ Արփինե Հարությունյան (ԳԿՄԿ) – «Ամինաթթվային/ամինային հիբրիդային համակարգերը CO2-ի էկոլոգիապես անվտանգ որսման և ֆունկցիոնալացման գործընթացներում»,
- մանկ․ գ․թ․, դոցենտ Մերի Շաբոյան (ԱՄՆ) – «Ձայնախոսքային մասնագետներ․ մասնագիտական գործունեության մարտահրավերներ և թաքնված ռիսկեր»։
Թե՛ լիագումար նիստի, թե՛ բաժանմունքների զեկույցներն ուղեկցվեցին ակտիվ և կառուցողական քննարկումներով, ինչը վկայեց, որ ԳԿՄԿ ամենամյա միջազգային գիտաժողովը սպասված գիտական իրադարձություն և գիտական երկխոսության արդյունավետ հարթակ է ոչ միայն ԳԿՄԿ-ի, այլև հայաստանյան գիտական լայն հանրույթի և արտերկրից մասնակիցների համար։
ԳԿՄԿ ամենամյա միջազգային գիտաժողովի կազմակերպումը հաջողած էր նաև նրանով, որ գիտաժողովի նյութերի թվային ժողովածուն՝ գրախոսությունը հաղթահարած հոդվածներով, հրապարակված էր հենց գիտաժողովի օրը։
Ավելի շատ լուսանկարներ տե՛ս «Պատկերասրահ» բաժնում։
Լուսաբանող տեսանյութը հասանելի է այստեղ
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

















