ԳԿՄԿ Ուսանողական խորհրդի արշավը դեպի Արտանիշ. միասնության և գեղեցկության օր
Դեկտեմբերի 8, 2025
Օրերս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Ուսանողական խորհուրդը (ՈւԽ) կազմակերպել էր ուսանողների համար մշակութային և ակտիվ հանգստի գերազանց հնարավորություն՝ արշավ դեպի Արտանիշի լեռնագագաթ։
Նախաձեռնությունը ՈւԽ փոխնախագահ, փորձառու արշավական Էրիկ Գրիգորյանինն էր: Արշավի հիմնական նպատակն էր՝ խթանել ուսանողների միջև մտերմությունն ու թիմային ոգին՝ ակադեմիական ծանրաբեռնվածությունից հետո։
Արտանիշը եզակի լեռ է, քանի որ այն երեք կողմից շրջապատված է Սևանա լճի ջրերով և այն բացառիկ դիտակետն է, որտեղից բացվում է Սևանա լճի ամբողջական տեսարանը։ ԳԿՄԿ ուսանողները ցնցված էին լեռան գագաթից բացվող անկրկնելի գեղեցկությամբ և այնտեղ տիրող խաղաղ մթնոլորտով։
Վերելքը տևեց մոտ երեք ժամ՝ ուղեկցվելով կարճատև դադարներով, ուրախ երաժշտությամբ, բարձր տրամադրությամբ և կատակներով, ինչը էլ ավելի թեթև ու հետաքրքիր դարձրեց ճանապարհը։ Ուսանողները գագաթին կազմակերպեցին ինտերակտիվ խաղեր և ձեռք բերեցին նոր ծանոթություններ այլ արշավականների հետ։
«Նմանատիպ միջոցառումները ոչ միայն խթանում են առողջ ապրելակերպը, այլև օգնում են ուսանողներին՝ ավելի լավ ճանաչելու միմյանց և զարգացնելու իրենց հաղորդակցման հմտությունները»,– հետարշավային տպավորությամբ նշեց ՈւԽ նախագահ Արինե Մխիթարյանը:
Ուսանողական խորհուրդը իր խորին շնորհակալությունն է հայտնում ԳԱԱ ԳԿՄԿ վարչակազմին՝ միջոցառումը կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցների տրամադրման և աջակցության համար։
Արշավականները ԳԿՄԿ ուսանողությանը կոչ են հղում. «Միացե՛ք ՈւԽ-ի ապագա միջոցառումներին, և կբացահայտենք Հայաստանի գեղեցիկ անկյունները միասին»:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին









