Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողները հյուրընկալվեցին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյում

Մայիսի 6, 2026

Ս․թ․ ապրիլի 30-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Հոգեբանության ամբիոնի մագիստրանտները աշխատանքային կողմնորոշման և ճանաչողական այցով հյուրընկալվեցին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյում։ Այցելող խումբը ձևավորված էր ԳԿՄԿ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներից, որոնց ուղեկցում էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը։ Այցելության նպատակն էր՝ ծանոթանալ հոգեբանական փորձաքննությունների կազմակերպման գործընթացին, նրա մասնագիտական առանձնահատկություններին՝ դիտարկելով այդտեղ պրակտիկա անցնելու կամ աշխատելու հնարավորությունները։

Բյուրոյի կողմից հյուրընկալող կազմն էր՝ տնօրենի գիտության գծով տեղակալ, ք․գ․դ․ Պատվական Ոսկանյան, Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հ․գ․դ․, պրոֆ․ Ռուբեն Աղուզումցյան, Ուսուցման և որակավորման կենտրոնի պետ Մարինե Սերոբյան։

Բացման իր խոսքում Պ․Ոսկանյանը ողջունեց հյուրերին՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ  Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործունեության ընդհանուր ուղղությունները և պատրաստակամություն հայտնելով նմանատիպ ընդունելություններ կազմակերպելու նաև ԳԿՄԿ այլ մասնագիտությունների ուսանողների համար։

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Աղուզումցյանը հանդես եկավ ակտիվ դասախոսությամբ՝ խթանելով մասնակիցների ակտիվությունը և պատասխանելով նրանց հարցերին։ Պրոֆեսորը խոսեց հոգեբան-փորձագետի դերի կարևորության ու աշխատանքային որոշ մեթոդների մասին՝ այդ ամենը հմտորեն տեղավորելով ՀՀ-ում հոգեբանության՝ որպես գիտության կայացման ու զարգացման մասին ակնարկի համատեքստում։

Հանդիպումը տևեց նախատեսվածից երկար՝ սպառելով մասնակիցների ակտիվ ու հետաքրքիր հարցերի շրջանակը։

Այցելող խումբը հեռացավ ընդգծված գոհունակությամբ: Ըստ հետադարձ կապի տվյալների՝ այցելող խմբում եղան ուսանողներ, որ ցանկություն հայտնեցին հետագայում որպես հոգեբան-փորձագետ աշխատելու ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոում։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին