Գլխավոր էջ





Աշխատանքային կողմնորոշման այցելություն «Ուղեկից» հոգեբանական կենտրոն

Մարտի 5, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից կազմակերպվող աշխատանքային կողմնորոշման այցելությունների շարքի հերթական կանգառը «Ուղեկից» հոգեբանական կենտրոնն էր։ 2026 թվականի մարտի 3-ի այցելությունը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտության մագիստրանտների ցանկությանն ընդառաջ։ Նպատակը՝ ծանոթանալ ոլորտային կազմակերպության գործունեությանը, հասկանալ, թե որքանով է կառույցը համապատասխանում իրենց՝ որպես պրակտիկայի և հետագա աշխատանքի վայր։

Այցելող խմբին, որին ուղեկցում էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը, ընդունեց «Ուղեկից» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը։ Նա ներկայացրեց «Ուղեկից» կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ կենտրոնում շեշտադրված է հատկապես փորձագիտական  աշխատանքը։ Ա․ Վարդանյանը մեծ պատրաստակամությամբ կիսվեց իր՝ դատահոգեբանական փորձագետի հարուստ փորձի վրա հիմնված մասնագիտական գիտելիքներով՝ զուգահեռաբար պատասխանելով ուսանողների հարցերին։ Նա անդրադարձավ նաև դատահոգեբանական փորձագետ դառնալու և «Ուղեկից» հոգեբանական կենտրոնի աշխատակից դառնալու քայլերին։

Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական քննարկումների մթնոլորտում։ Ուսանողներն աչքի ընկան ակտիվությամբ և հետաքրքիր հարցերով։

Աշխատանքային կողմնորոշման այցելությունը լիարժեքորեն կայացավ, քանի որ այն դարձավ բուհ-գործատու հաջողված երկխոսության դրսևորում՝ արժանանալով այցելող խմբի ընդգծված գոհունակությանը և նպաստելով ուսանողների կարիերայի արդյունավետ պլանավորմանը։

Հաջողված հանդիպումը երկուստեք առաջացրեց համագործակցությունը նոր ձևաչափերով զարգացնելու ցանկություն և պատրաստակամություն։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին