Գլխավոր էջ





AFISHE ծրագրի պաշտոնական հանդիպումները Դուբրովնիկի համալսարանում

Հունիսի 3, 2025

2025 թ. մայիսի 27-ից 30-ը Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) կայացան «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի պաշտոնական հանդիպումները։ Ծրագրի համակարգող հաստատությունների ներկայացուցիչները համախբվել էին՝ ամփոփելու մինչ այժմ կատարված աշխատանքները, փոխանակելու փորձն ու մշակելու ծրագրի հետագա զարգացման ռազմավարական ուղղությունները՝ հիմքում ունենալով Կանաչ գործարքի նպատակները։

Հանդիպումներին մասնակցում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ), ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (աֆիլացված գործընկեր), Դուբրովնիկի համալսարանի (UNIDU), Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի (SUA), Սումիի ազգային ագրարային համալսարանի (SNAU), Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային համալսարանի (NUWEE) ներկայացուցիչները։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ներկայացնում էին կենտրոնի տնօրեն տ.գ.թ․ Արմեն Սարգսյանը և ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը, իսկ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը՝ Բարդուխ Գաբրիելյանը։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, հատկապես՝ գիտակրթական համագործակցության հարթակի ամրապնդման վերաբերյալ հարցերում։

Հանդիպման պաշտոնական բացումը տեղի ունեցավ ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանի և Դուբրովնիկի համալսարանից Տատյանա Դոբրոսլավիչի ողջույնի խոսքերով։

Հանդիպումների օրակարգում ընդգրկված էին աշխատանքային փաթեթների ներկայացումը և դրանց շրջանակներում կատարված աշխատանքների ամփոփումը։ Գ․ Համբարձումյանը ներկայացրեց ծրագրի ընդհանրական ընթացքն ու ձեռքբերումները, որին հաջորդեց Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի ներկայացուցիչներ Մարտին Ֆիկի ներկայացրած որակի ապահովման աշխատանքային փաթեթի հաշվետվությունը։ Այնուհետև Տատյանա Դոբրոսլավիչը խոսեց լուսաբանման և հաղորդակցության բաղադրիչի շրջանակում կատարված աշխատանքների մասին։

Ապա մասնակիցները քննարկեցին AFISHE գործընկերային ցանցի ձևավորման ռազմավարությունը։ Տեղի ունեցան նաև ֆինանսական կառավարման և հաշվետվությունների վերաբերյալ քննարկումներ, իսկ վերջում բաց քննարկման ձևաչափով գործընկերները ներկայացրին ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումները։

Հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց ծրագրի կարևոր նպատակը՝ մասնակից համալսարաններում ժամանակակից «AFISHE լաբորատորիաների» ստեղծումը, որոնք կծառայեն որպես գիտահետազոտական և կրթական հարթակներ՝ խթանելու ակադեմիական նորարարությունն ու ոլորտային գիտելիքի զարգացումը։

AFISHE ծրագիրը շարունակում է խթանել Հայաստան–Ուկրաինա–ԵՄ գործընկեր համագործակցությունը՝ ձկնաբուծության և ակվակուլտուրայի բնագավառներում էկոլոգիապես կայուն լուծումների և կրթական բարեփոխումների ուղղությամբ։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին