ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնը ներկայացրեց իր լավագույն փորձը
Ապրիլի 3, 2026
Ս.թ. ապրիլի 2-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ ԳԿՄԿ Հոգեբանության ամբիոնի լավագույն փորձի փոխանցմանը նվիրված աշխատաժողով՝ կազակերպված ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ։ Դա «ԳԿՄԿ բարելավման պլան»-ով նախատեսված գործողություն էր։
Ներկա էին ԳԿՄԿ տարբեր ամբիոնների վարիչներ, վարչական կազմի անդամներ, Հոգեբանության ամբիոնի դասախոսներ և մագիստրանտներ։
Հոգեբանության ամբիոնի (վարիչ՝ հ․գ․դ․, պրոֆ․ Նաիրա Հակոբյան) գործունեությունը աշխատաժողովին ներկայացրեց ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Աննա Խաչատրյանը։
Ի ցույց դրվեցին Հոգեբանության ամբիոնի գիտակրթական գործունեության ամենատարբեր ուղղությունները՝ ներառյալ դասավանդման մեթոդաբանությունը, գիտահետազոտական ձեռքբերումները, կարիերայի խթանման ուղղությամբ արված քայլերը, սեմինարները, վարպետության դասերն ու գիտաժողովները՝ ներքին և հրավիրյալ բանախոսների ներգրավմամբ: Ձեռքբերումների շարքում նշվեցին ինչպես դասախոսներին, այնպես էլ ուսանողներին վերաբերող տվյալները՝ հրատարակված գիտական աշխատանքներից մինչև հայցորդների պաշտպանած թեզեր և միջազգային ակտիվ շարժունություն:
Հատուկ կարևորությամբ ընդգծվեց, որ անցած 2 տարիների ընթացքում ամբիոնը իրականացրել է գիտական դրամաշնորհային ծրագրով թիմային աշխատանքներ, որոնցում ակտիվորեն ընգրկված են եղել նաև ամբիոնի մագիստրանտները՝ դրսևորելով մեծ հետաքրքրվածություն և աշխատանքային արդյունավետություն:
Ամբիոնի կայուն հաջողություններից համարվեց նաև դիմորդների և ուսանողների մեծ և տարեցտարի աճող թիվը:
Ներկայացվեց նաև որակի ապահովման ամբիոնային մշակույթը՝ ընդգծելով, որ կրթական ծրագրի բարելավման ճանապարհին մեծապես ուշադրության են արժանանում ինչպես ուսանողական հարցումները, շրջանավարտների գնահատումները, այնպես էլ գործատուների կարծիքը: Այս ճանապարհին ամբիոնն ունի նաև լավագույն փորձ՝ ինքնագնահատում և գործընկերային գնահատումներ կազմակերպելու առումով, ինչը մեծապես կարևորվում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի կողմից:
Նշվեցին ինչպես ամբիոնի հաջողություններին նպաստած գործոնները, այնպես էլ ավելիին հասնելու ճանապարհին հանդիպած որոշ խոչընդոտներ:
Բանախոսի ելույթից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, որում հնչեցին ինչպես ամբիոնի փորձը, այնպես էլ Կրթության որակի ապահովման բաժնի՝ նման հանդիպումների նախաձեռնությունը ողջունող մտքեր:
Բացման և ամփոփիչ խոսքերով հանդես եկավ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ, բ.գ.թ., դոցենտ Նարինե Վարդանյանը: Նա նշեց, որ լավագույն փորձին հաղորդակից դառնալը բուհական համակարգի որակի զարգացման գրավականներից է, իսկ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժինը, հետևելով «ԳԿՄԿ բարելավման պլան»-ով նախատեսված քայլերին, անում է հնարավոր ամեն ինչ, որ լավագույն փորձի փոխանակման մշակույթը ԳԿՄԿ-ում պահպանվի և էլ ավելի զարգանա:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին


