Գլխավոր էջ





Հանդիպումներ Տուշայի համալսարանի վարչական անձնակազմի հետ

Մայիսի 22, 2019

Ս. թ. մայիսի 21-ին Տուշայի համալսարանում տեղի ունեցան վարչական անձնակազմի համար նախատեսված հանդիպումները: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանի գլխավորությամբ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կրթական գրասենյակի և որակի պատասխանատու Պաոլո Կապուանիի հետ, որը ներկայացրեց ծրագրային հավատարմագրման գործընթացն ու առանձնահատկությունները, չափանիշներն ու ուսանողների/դասախոսների գոհունակության արդյունքների վերլուծության ձևաչափերը: Քննարկվեցին կրթության մեջ հետազոտական բաղադրիչը և դրա չափման ցուցանիշները, ներկայացվեց նաև ասպիրանտական կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացը:

Այնուհետև տեղի ունեցավ կրկնակի դիպլոմներին նվիրված հանդիպումը, որի ընթացքում վերջնական տեսքի բերվեցին կրկնակի դիպլոմների շնորհման մասին համաձայնագիրը և ուսումնական պլանները: Տուշայի համալսարանի «Տնտեսագիտություն և կառավարում» դեպարտամենտի ուսումնական ծրագրերը նախագծվում են պրոֆեսիոնալ ընկերությունների և ֆիրմաների համագործակցությամբ, որպեսզի խթանեն կրթությունը և վերապատրաստումը՝ նկատի ունենալով աշխատանքային հեռանկարները: Այսպիսի մոտեցումը նպաստում է հետագայում ուսանողների՝ աշխատանքի տեղավորմանը և ուսումնառության ընթացքում իրականացվող պրակտիկաների կազմակերպմանը:

DEIM դեպարտամենտի առաջարկած դասընթացներն իրականացվում են մեկ փուլով՝ 3-ամյա ուսուցում՝ բակալավրի աստիճանի շնորհմամբ, որին հաջորդում է մագիստրատուրան՝ 2 տարի ուսուցմամբ։

Քննարկումների արդյունքներում որոշում կայացվեց կրկնակի դիպլոմի շնորհման համաձայնագիր կնքել ոչ միայն «Ֆինանսական վարչարարություն», այլև «Շուկայաբանություն և որակ» մասնագիտություններով: Այդ իսկ նպատակով հանդիպում կազմակերպվեց «Շուկայաբանություն և որակ» կրթական ծրագրի ղեկավար Բարբարա Աքվիլանիի հետ: Հանդիպմանը մանրամասն քննարկվեցին ուսումնական պլանների համապատասխանության և առարկաների բաշխվածության հետ կապված հարցերը: Կրկնակի դիպլոմի շնորհման համաձայնագիրը նախատեսվում է կնքել այս տարվա հուլիս ամսին: