Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ում դասավանդում են գիտնականներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են գիտությանը»,- ԳԿՄԿ ուսանողուհի Կարինե Ավետիսյան

Հունվարի 17, 2023

Կարինե Ավետիսյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբանության ամբիոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող է:

Կարինեն բակալավրի իր կրթությունը ստացել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: Հետագայում մասնակցելով տարբեր ճանաչողական արշավների և ավելի խորը ընկալելով երկրաբանական գիտությունը՝ ցանկություն է առաջանում խորացնելու գիտելիքները ինչպես այդ, այնպես էլ հնէաբանության ոլորտում, որը կենսաբանության և երկրաբանության միջանկյալ գիտություն է և հնարավորություն է տալիս բացահայտել երկրի զարգացման պատմական անցյալը։

«ԳԿՄԿ-ում դասավանդում են գիտնականներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են գիտությանը, ունեն շատ հարուստ փորձ և մեծ ցանկություն իրենց գիտելիքներով կիսվելու ուսանողների հետ: Բացի այդ, երկրաբանության ամբիոնը նաև հնարավորություն է տալիս ուսանողներին շարունակել իրենց կրթությունը Եվրոպայի առաջատար համալսարաններում, ինչը նույնպես նպաստեց, որ ընտրեմ հենց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն մագիստրոսական կրթությունս ստանալու համար», - նշում է Կարինեն:

Կարինեն հետաքրքրված է բրածո մնացորդներով և միներալներով, ունի անձնական մեծ հավաքածու, որն ընթացքում համալրում է, և նպատակ ունի հետագայում այն որևէ թանգարանում ցուցադրության ներկայացնել կամ էլ հիմնել նոր երկրահնէաբանական թանգարան։

«Սիրում եմ արվեստը, նկարում եմ, երգում, ընթերցում գեղարվեստական գրքեր։ Ազատ ժամանակ սիրում եմ արշավների մասնակցել, բացահատել երկրիս ամենածածուկ, բայց խորհրդավոր անկյունները: Չմոռանամ իմ չորքոտանի ընկերների մասին, շանս՝ Մաքսի, ով իմ արշավների անբաժան ընկերն է, և կատվիս՝ Մոծիի մասին, ովքեր իմ առօրյայի մեծ և անբաժան մասն են կազմում», - իր հետաքրքրությունների մասին խոսելիս նշում է Կարինեն:

Ուսմանը զուգահեռ՝ Կարինեն նաև զբաղվում է գիտությամբ: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի լիթոլոգիայի և ռեգիոնալ երկրաբանության լաբորատորիայում, ուսումնասիրում է բրածո օրգանիզմները, որոնց միջոցով հնարավոր է լինում բացահայտել անցյալը և պարզել, թե ինչպիսին է եղել կյանքը մարդուց առաջ: Բացի այդ աշխատում է նաև Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, որտեղ ուսումնասիրում է հնագույն ԴՆԹ՝ պահելով կապը կենսաբանության և երկրաբանության միջև:

«Մագիստրատուրան ավարտելուց հետո ցանկանում եմ կրթությունս շարունակել նաև ասպիրանտուրայում։ Իսկ ապագա մագիստրոսներին խորհուրդ եմ տալիս շարունակաբար սովորել, ինքնակրթվել, զարգանալ, աշխատել, զբաղվել գիտությամբ և ընտրել հենց ԳԿՄԿ-ն՝ ընդունելով Կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները, որոնք խոստումնալից ապագա ունենալու երաշխիքներից են», - իր խոսքը եզրափակում է Կարինեն:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին