Գլխավոր էջ





«Ապագա ուսանողներին խորհուրդ եմ տալիս ստանալ ակադեմիական կրթություն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում», - ԳԿՄԿ ուսանող Կարեն Համբարյան

Սեպտեմբերի 5, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի երկրաբանության ամբիոնի շրջանավարտ Կարեն Համբարյանն է, ով իր աշխատասիրության և ԳԿՄԿ-ում ստացած որակյալ կրթության շնորհիվ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ով պատրաստվում է իր ուսումը շարունակել նաև ասպիրանտուրայում:

Բնական գիտությունների հանդեպ սերն է, որ ստիպեց Կարենին ընտրել երկրաբանությունը, որը, Կարենի խոսքով, իր համար դարձավ ոչ միայն մասնագիտություն, այլև ինքնաարտահայտման միջոց և իր կյանքի բաղկացուցիչ մաս:

Կարենը բակալավրի իր կրթությունն ստացել է ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաբանության բաժնում, իսկ ահա մագիստրատուրան շարունակեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնում, որտեղ տեսական գիտելիքներին զուգահեռ, դաշտային պայմաններում գործնական հագեցած դասերի միջոցով ստացավ նաև պրակտիկ գիտելիքների մեծ պաշար:

«Շատ եմ սիրում ազատ ժամանակ զբաղվել ընթերցանությամբ և երաժշտությամբ, հաճախ սիրում եմ նաև զբոսնել: Հետաքրքրված եմ նաև բնական մյուս գիտություններով, որոնց մեջ առանձնակի տեղ եմ տալիս աստղագիտությանն ու մոլորակագիտությանը», - նշում է Կարենը:

Կարենն ապագա ուսանողներին խորհուրդ է տալիս ստանալ ակադեմիական կրթություն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում, քանի որ այստեղ դասավանդում են ՀՀ անվանի գիտնականներ և ակադեմիկոսներ, իսկ ուսումնառության ընթացքում ստացած տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական աշխատանքներով ինստիտուտում առկա նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմամբ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին