Գլխավոր էջ





Կրկնակի դիպլոմի ծրագրի մեկնարկ Տուշայի համալսարանի հետ «Մարդու իրավունքներ և անվտանգություն» մասնագիտության գծով

Մայիսի 26, 2023

Ս/թ մայիսի 22-26-ը Իտալիայի Տուշայի համալսարանում կազմակերպված «Աշխատակազմի վերապատրաստման միջազգային շաբաթ»-ի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատանքային խումբը՝ ի դեմս իրավագիտության ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանի, ամբիոնի դասախոսներ Արտյոմ Սեդրակյանի և Արտակ Ասատրյանի, ինչպես նաև արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանի, Տուշայի համալսարանի գրականության, պատմության, փիլիսոփայության և իրավագիտության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկեցին «Մարդու իրավունքներ և անվտանգություն» մասնագիտության գծով կրկնակի դիպլոմի ծրագրի իրականացման առանձնահատկությունները՝ մասնավորապես կորոնավիրուսային հիվանդության համաճարակով պայմանավորված փոփոխությունները ծրագրի իրականացման ընթացքում:

Կողմերը վերահաստատեցին սույն կրթական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ պայմանավորված արդի մարտահրավերներով, ինչպես նաև կազմակերպվեցին առարկայական քննարկումներ դասընթացների իրականացման ձևաչափի և կրկնակի դիպլոմի ծրագրի իրագործման երկկողմ կարևորության մասին: Հայկական պատվիրակությունը հրավիրեց իտալական կողմին հանդես գալ դասախոսություններով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպեկ արդիական քեյսի քննարկում ՀՀ փաստաբանների պալատի ակումբում:

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին արտաքին կապերի բաժնի և իրավագիտության ամբիոնի կողմից տարվել էին համապատասխան բանակցություններ կրկնակի դիպլոմի ծրագրի իրականացման շուրջ, որի արդյունքում կնքվել է «Անվտանգություն և մարդու իրավունքներ» նոր մագիստրոսական կրթական ծրագրով կրկնակի դիպլոմի իրականացման համաձայնագիրը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և Իտալիայի Տուշայի համալսարանի միջև, որը կրկնակի դիպլոմի իրականացման երրորդ համաձայնագիրն է՝ կնքված այս երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև:


Նոր մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունն արդեն մեկնարկում է 2023-2024 ուսումնական տարվա համար: Առաջին տարին ուսանողներն իրենց ուսումնառությունը կսկսեն ԳԿՄԿ-ում, իսկ լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի ուսումնառության երկրորդ տարին շարունակել Տուշայի համալսարանում՝ ուսման ավարտին ստանալով երկու դիպլոմ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Իտալիայի Տուշայի համալսարանի:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին