Գլխավոր էջ





Հանդիպում Փարիզի «Չոպանյան ինստիտուտի» հիմնադիր նախագահ Վարուժան Սիրափյանի հետ

Հոկտեմբերի 4, 2019

Ս/թ սեպտեմբերի 30-ին Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ հանդիպում-քննարկում կազմակերպվեց Փարիզի «Չոպանյան ինստիտուտի» հիմնադիր նախագահ Վարուժան Սիրափյանի հետ։ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնական ընդունելությունից հետո պարոն Սիրարփյանն առանձին հանդիպում ունեցավ Գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակիցների և ուսանողների հետ: Վարուժան Սիրափյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ «Չոպանյան ինստիտուտի» առաջիկա ծրագրերին, Սփյուռքի և Հայաստանի տեղեկատվական քաղաքականության խնդիրներին:

Հանդիպումը նվիրված էր «Չոպանյան ինստիտուտի» հիմնադրման 15-ամյակին:

«Չոպանյան ինստիտուտը» Եվրոպայում միակ հայկական վերլուծական կենտրոնն է՝ իր բազմազգ անդամներով։ Հիմնադրվել է Փարիզում 2004 թ.՝ Արշակ Չոպանյանի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Համագործակցում է տարբեր երկրների հայ և օտարազգի հայագետների, քաղաքագետների և այլ մասնագիտությունների տեր հետազոտողների, ինչպես նաև տարբեր գիտական կառույցների հետ։ Ինստիտուտն օժանդակություն չի ստանում որևէ պետությունից և չի հարում որևէ քաղաքական կուսակցության։ Բյուջեն ձևավորվում է անդամների ներդրումների և նվիրատվությունների շնորհիվ։ Հայագիտական աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ։ Ինչպես նշում է ինստիտուտի հիմնադիր նախագահ Ժան Վարուժան Սիրափյանը, վերլուծությունները կատարվում են Հայկական հարցի և աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ։

Ինստիտուտը գործունեություն է ծավալում ներքոհիշյալ ուղղություններով.

- Հրատարակում է «Եվրոպան և Արևելքը» երկլեզու հանդեսը (ֆրանսերեն-անգլերեն) և գրքեր՝ նվիրված Թուրքիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և այլ խնդիրներին։

- Հրատարակում է հոդվածներ և գրքեր՝ նվիրված հայոց պատմությանը, Հայկական հարցին, արվեստին, մշակույթին, հայության առաջնահերթ քաղաքական հիմնախնդիրներին։

- Կազմակերպում է կոնֆերանսներ և սեմինարներ ինչպես հայության, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող զարգացումների, ընթացիկ քաղաքական գործընթացների և միտումների վերաբերյալ։

Ի դեպ, ինստիտուտը ՀՀ և Արցախի անվտանգությանը սպառնացող խնդիրների վերաբերյալ տեղեկատվական և բացատրական մշտական աշխատանք է իրականացնում Արևմուտքի ազդեցիկ քաղաքական գործիչների, նաև ոչ կառավարական կազմակերպությունների պատասխանատուների, լրագրողների շրջանում։ Չնայած սուղ միջոցներին, ֆինանսավորել կամ համաֆինանսավորել է մեկ տասնյակից ավելի քաղաքական, աշխարհաքաղաքական բովանդակության աշխատություններ։
Կարելի է ասել, որ «Չոպանյան ինստիտուտը» Ֆրանսիայում գործող թուրքական վերլուծական կենտրոնների հակաքարոզչության դեմ, թերևս, քաղաքական հայագիտությամբ զբաղվող միակ «ուղեղային կենտրոնն» է։