Գլխավոր էջ





17 Ապր

Հայտարարություն

Ապրիլի 17, 2019

Հարգելի գործընկերներ

Հրավիրում ենք մասնակցելու 2019թ մայիսի 16-18-ը ք. Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոցին (այսուհետ`Դպրոց):

Դպրոցի նպատակն է նպաստել տաղանդավոր երիտասարդ գիտնականնների, հետազոտողների և ուսանողների միավորմանը, աջակցել երիտասարդության նորարարական գործունեության մակարդակի և մասնագիտական իրազեկության բարձրացմանը, նրանց մոտ մտավոր գործունեության արդյունքների հիման վրա բիզնես գաղափարների ձևավորման, նորարարական նախագծման և տեխնոլոգիաների փոխանցման հմտությունների մշակմանը:

Դպրոցի դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ բիզնես առաջարկների կազմման տեխնիկային, զարգացնել բիզնես նախագծերի արդյունավետ պլանավորման և կառավարման կարողություններ, ինչպես նաև տիրապետել մտավոր սեփականության օբյեկտների պահպանման ու կառավարման հիմնային գիտելիքներին:

Դպրոցի ծրագրով երիտասարդ մասնակիցների համար նախատեսված են դասախոսություններ, վարպետության դասեր (master class) և բիզնես խաղեր, որոնք կվարեն նորարարական մենեջմենթի, նախագծերի կառավարման և մտավոր սեփականության իրավունքների պահպանման ոլորտների հրավիրված առաջատար մասնագետներ և փորձագետներ:

Դպրոցին մասնակցության համար կարող են դիմել մինչև 30 տարեկան երիտասարդ ուսանողներ, գիտնականներ, ասպիրատներ, գիտական աշխատողներ, սկսնակ ձեռներեցներ, ինչպես նաև նորարարական ձեռներեցությամբ և մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացմամբ հետաքրքրված այլ անձիք:

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 29-ը ներառյալ լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը հետևյալ հղումով` http://bit.ly/2Ue00RP .

Դպրոցի մասնակցության վճարը  կազմում է` 15 ԱՄՆ դոլար կամ ՀՀ դրամին համարժեք գումար` հաշվարկված ընթացիկ փոխարժեքով:

Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկայանա մրցութային հիմունքներով: Հավանության արժանացած հայտատուները մինչև սույն թվականի մայիսի 6-ը կստանան «Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոցին մասնակցելու էլեկտրոնային նամակ-հրավերը և մասնակցության վճարի կատարման կարգը: Հրավերը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է հաստատել մասնակցության մտադրությունը Դպրոցի innov.youth.school@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկելով տեղեկատվական նամակ և կատարել մասնակցության վճարում:

«Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ միջոցառման ֆեյսբուքյան էջից` https//www.facebook.com/SchoolOfAYoungInnovator/ և Դպրոցի պաշտոնական կայքից հետևյալ հասցեով`https://yisango.wixsite.com/younginnov-arm/:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Հարգանքով`
Դպրոցի կազմկոմիտե