Գլխավոր էջ





Սոցիալական կարծրատիպերի դերը գովազդի ընկալման գործընթացում

2017թ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում իրականացվել է «Սոցիալական կարծրատիպերի դերը գովազդի ընկալման գործընթացում» գիտական թեման, որի նպատակն է եղել ուսումնասիրել անձի կարծրատիպային պատկերացումների ազդեցությունը գովազդի ընկալման գործընթացի վրա։

Գիտական թեմայի խնդիրներն են`

  • Ներկայացնել գովազդի և սոցիալական կարծրատիպերի համահարաբերակցության սոցիալ-հոգեբանական բնութագրման տեսական հիմքերը,
  • Վեր հանել և լուսաբանել գովազդի և սոցիալական կարծրատիպերի ձևավորման սոցիալ-հոգեբանական մեխանիզմներն ու առանձնահատկությունները, դրանց տեսակներն ու գործառույթները,
  • Իրականացնել հետազոտվող հիմնահարցի՝ գովազդի և սոցիալական կարծրատիպերի հոգեբանական առանձնահատկությունների տեսական վերլուծություն,
  • Ներկայացնել գովազդի հիմնական ֆունկցիաները, և ներազդման առանձնահատկությունները,
  • Բացահայտել գովազդի և սոցիալական կարծրատիպերի փոխպայմանավորվածությունը և փոխկապակցվածությունը, և վերջինիս ազդեցությունը գովազդի ընկալման գործընթացի վրա։

«Սոցիալական կարծրատիպերի դերը գովազդի ընկալման գործընթացում» գիտական թեման իրականացրել է Ժոզեֆինա Եսայանը (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ)։

Յուրաքանչյուրիս կյանքում կարևոր դեր են կատարում սոցիալական կարծրատիպերը, որոնք շատ դեպքերում որոշում են մեր վարքը, և վերաբերմունքը շրջապատի նկատմամբ։ Մենք ապրում ենք կարծրատիպերի աշխարհում, նույնիսկ կարելի է ասել, որ կարծրատիպերը որոշում են բարոյական նորմերը, ձևավորում կրոնական, քաղաքական և այլ հիմնադրույթներ։ Գովազդի հոգեբանության հիմնախնդիրը բոլոր ժամանակ­ներում եղել է հոգեբանական գիտակարգի ուսումնասիրման կենտրոնում։ Գովազդի ընկալման գործընթացում շատ կարևոր է սոցիալական կարծրատիպերի դերը։ Ե՛վ գովազդի հոգեբանության, և՛ սոցիալական կարծրատի­պերի հիմնախնդիրները առանձին-առանձին ուսումնասիրվել են սոցիոլոգիայի, տնտեսագիտության, հոգեբանության շրջանակ­ներում, սակայն գովազդի և սոցիալական կարծրատիպերի համահարաբերակցության խնդիրը գրեթե ուսումնասիրված չէ, և հոգեբանական գիտակարգում դրանց մասին պատկերա­ցումները բավականին աղոտ են, ուսումնասիրության և լուսաբանման կարիք ունեն։ Վերջին հարյուրամյակում տարբեր գովազդային տեխնոլոգիաների ստեղծման հետ միաժամանակ առաջացան նաև մի շարք հոգեբանական երևույթներ, որոնք պահանջում էին գիտական վերլուծություն։ Գովազդի ուսումնասիրությունները հոգեբանության տեսանկյունից շատ կարևոր արժեք են ներկայացնում, քանզի այն հանդիսանում է ամենատարածված գործիքներից մեկը, որի միջոցով կարելի է ազդել հասարակական գիտակցության, դիրքորոշումների և կարծրատիպերի վրա։ Թեմայի շրջանակներում քննարկվել են սոցիալական կարծրա­տի­պերի էության, առանձնահատկությունների, հանրային կյան­քում նրանց գործառույթների (գովազդ, ներազդում, հանրային կապեր, տեսանկյուն) հետ կապված հիմնախնդիրներ՝ գովազդի և ներազդման մեթոդները դիտարկելով իբրև նոր կարծրատիպերի ձևավորման գործոններ։ Վերհանվում է վերջին հարյուրամյակում տարբեր գովազդային տեխնոլոգիաների ստեղծմանը զուգընթաց ի հայտ եկած որոշ սոցիալ-հոգեբանական երևույթներ, ենթարկ­վում գիտական վերլուծության։


«Սոցիալական կարծրատիպերի դերը գովազդի ընկալման գործընթացում» գիտական թեման ավարտվել է երկլեզու մենագրության հրատարակմամբ /Տե՛ս Ժ. Եսայան, Սոցիալական կարծրատիպերի դերը գովազդի ընկալման գործընթացում, Երևան, 2017, «Նաիրի» հրատ. ՓԲԸ, 64 էջ։