Գլխավոր էջ





Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը

Ծրագրի իրականացման նպատակն է 2020 թ. Արցախյան հակամարտության հետպատերազմական շրջանում անձի և սոցիալական խմբերի վարքային անոմիկ դրսևորումների, անձի արժեհամակարգի ճգնաժամի սոցիալ-հոգեբանական հետազոտության կազմակերպումը, որի շնորհիվ հնարավոր կլինի սահմանելու արժեհամակարգի ճգնաժամի ժամանակակից հասկացութային շրջանակը և մշակելու հաղթահարման մեթոդաբանությունը: Ծրագրի տևողությունը երեք տարի է, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետազոտություն՝ ուղղված հիմնախնդրի տեսա-մեթոդաբանական հիմքերի բացահայտմանն ու փորձարարական հետազոտության արդյունքների վերլուծությանը:

Հասարակական հնչեղություն ունեցող խոշորամասշտաբ փոփոխությունների շարքին է դասվում պատերազմը, որն ամբողջովին խաթարում է ցանկացած հասարակության հոգեբանական ու բարոյական դիմագիծը, պատճառ է դառնում արժեքային համակարգի ճգնաժամի, հոգեկան խռովքի, սթրեսների, ներքին ու արտաքին կոնֆլիկտների, տարաբնույթ ասոցիալ, անոմիկ վարքաձևերի և տրամադրությունների առաջացման ու դրսևորման:

Հասարակական համակեցության ձևերի և անձի արժեհամակարգի վրա իր հետքն է թողնում ոչ միայն պատերազմական բուն գործողությունների ընթացքն, այլև՝ հետպատերազմյան բարդ ժամանակաշրջանը, երբ հասարակության անդամների շրջանում փոխվում է անձնային արժեքների և գնահատումների համակարգը: Առաջ են գալիս էկզիստենցիալ բնույթի այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ո՞վ եմ ես, ի՞նչ կարող եմ անել, ո՞ւմ կարող եմ վստահել, ինչպե՞ս պիտի ապրեմ, ի՞նչ կարող եմ փոխել և այլն, որոնք պահանջում են ոչ միայն անհապաղ, այլև ոչ ավանդական պատասխաններ ու լուծումներ:

Քանի որ այդ շրջանին հատուկ է հասարակական նոր իրողությունները ընկալելու, պատերազմի հետևանքները վերապրելու աճող պահանջմունքը և դրան ուղեկցող՝ անձի արժեհամակարգի որոշակի փոխակերպումը, ուստի պատահակն չէ, որ հասարակության մեջ անձի սոցիալականացման և կենսագործունեության հետպատերազման շրջանի ուսումնասիրությունը մեծ կարևորություն է ներկայացնում հասարակական տարբեր գիտակարգերի համար: Այդ իսկ պատճառով հիմնախնդրի ուսումնասիրման հոգեբանական տեսանկյունն առավելապես ամբողջական ներկայացնելու համար անհրաժեշտ է ներառել նաև հասարակագիտական և մարդաբանական մի շարք գիտությունների, մասնավորապես, ազգագրության, պատմության, սոցիոլոգիայի, մեթոդաբանությունն ու գիտական խնդիրների լայն շրջանակները:

Ցանկացած հասարակության մեջ հետպատերազմական շրջանում իրականացվող արմատական փոփոխություններն անմիջականորեն ներազդում են հասարակության սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական մթնոլորտի, բնակչության հոգեվիճակների ու վարքի վրա: Առաջ են գալիս սոցիալ-հոգեբանական մարգինալացման երևույթներ, ակտիվանում կամ փոխակերպվում են հոգեբանական պաշտպանական մեխանիզմները՝ ծնելով մինչպատերազմյան շրջանում արմատավորված և հասարակայնորեն նշանակալի վարքագծից տարբերվող անոմիկ դրսևորումներ, որոնք «սնվում են» հետպատերազմյան նոր իրողությունների սուբյեկտիվ ընկալումներով և ձևավորում նոր աշխարհայացք:

Հետպատերազմական շրջանն բնութագրվում է հոռետեսական տրամադրությունների զարգացմամբ, պատվասիրության անկումով, լարվածությամբ, անվստահությամբ վաղվա օրվա նկատմամբ, սթրեսներով ու կոնֆլիկտներով, հսկայական ծավալների հասնող միգրացիոն գործընթացներով, որոնք կազմալուծում են ազգի գոյապահպանության հիմքները: Հասարակության կոլեկտիվ կենսագործունեության գրեթե բոլոր՝ տնտեսական, սոցիալ-հոգեբանական, ազգային և այլ, բնագավառներում կարելի է տեսնել անոմիկ դրսևորումներ, որոնք հանգեցնում են, ընդհանուր առմամբ, հասարակության ապակայունացմանը և, մասնավորապես, Ես-ի արժեհամակարգի ճգնաժամին: Նման միտումների պայմաններում ակնհայտ է դառնում հոգեպաթոլոգիկ և սոցիալապես կենտրոնախույս երևույթների զարգացման հնարավորությունը:

«Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» գիտական թեմայի շրջանակներում հետազոտություն իրականացնում են.

  • Նաիրա Հակոբյան /գիտական թեմայի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/

անդամներ՝

  • Աննա Խաչատրյան /հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ/
  • Արտակ Դաբաղյան /պատմական գիտությունների թեկնածու/
  • Վիկտորյա Սարջանյան /մասնագիտությամբ սոցիալական աշխատող/

Թեմայի գիտական նպատակներն են՝

  • Հետազոտել հետպատերազմական շրջանում անձի արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի ժամանակակից սահմանումները սոցիալ-հոգեբանական գիտակարգում:
  • Հետազոտել հետպատերազմական շրջանում անձի արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի դրսևորումների սոցիալ-հոգեբանական նախադրյալները, պատճառահետևանքային կապերը, վարքի բնորոշ առանձնահատկությունները, դրսևորման ձևերը և բացասական պոտենցիալի մարման ուղիները:
  • Հետազոտել հետպատերազմական շրջանում անձի արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի դրսևորումների արդյունքում սոցիալական վարքի փոփոխությունները, սոցիալական և հոգեբանական ադապտացիայի և դեզադապտացիայի ձևերը, պարզել դրանց գործառման մեխանիզմները, ներկայացնել հիմնախնդրի հաղթահարման գործնական ուղիները:


Գիտական նպատակների իրականացմանն ուղղված խնդիրներն են՝

  • Ուսումնասիրել մասնագիտական գրականությունը, կատարել հիմնախնդրի շուրջ հոգեբանական, պատմագիտական, ազգագրական և սոցիոլոգիական հետազոտությունների համեմատական վերլուծություններ:
  • Հետազոտել սոցիալ-հոգեբանական մարգինալության պայմաններում անձի և սոցիալական խմբերի արժեքային համակարգի փոխակերպումները, մտածողության ու վարքի ապակառուցողականության շարժընթացը, ներկայացնել հիմնախնդիրը կարգավորող հոգեկոռեկցիոն մեթոդներ և միջոցներ:
  • Հետազոտել և վերհանել հետպատերազմական շրջանում սոցիալական խմբերի և անձանց սոցիալ-հոգեբանական կոնստրուկտիվ ադապտացիայի ձևերը, մշակել դրանց ներդրման մեխանիզմները:
  • Մշակել և ներկայացնել արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի առկայությամբ անձանց հասարակության մեջ ինտեգրացիայի հիմնական ռազմավարական մոդելները, հոգեբանական պաշտպանական ու փոխհատուցող մեխանիզմները:
  • Իրականացվող հետազոտական աշխատանքները շաղկապել կրթական գործընթացի հետ՝ ապահովելով ուսանողական համակազմի իրազեկվածությունը հիմնախնդրի վերաբերյալ, ստեղծել հիմնախնդրի խորքային հարցերը շոշափող բուհական առարկայական ծրագրեր:
  • Հետազոտության արդյունքները հանրայնացնել գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրության միջոցով:

Օրացուցային պլան (ըստ եռամսյակների)

Առաջին եռամսյակ /2021 - հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Հետազոտել հիմնախնդրի ուսումնասիրման տեսական հիմքերը, վերլուծել հասարակագիտական և մարդաբանական այլ գիտակարգերի ձեռքբերումները։

Երկրորդ եռամսյակ /2022 - հունվար, փետրվար, մարտ/

Հավաքագրել հետազոտման համակազմը, առանձնացնել թիրախ խմբերին, փորձարարական հետազոտության նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, հարցաթերթերի մշակում:

Երրորդ եռամսյակ /2022 - ապրիլ, մայիս, հունիս/

Հոգեախտորոշիչ աշխատանքների իրականացում  Երևանում. հետպատերազմական շրջանում արժեհամակարգի ճգնաժամի և անոմիկ դրսևորումների բացահայտում:

Չորրորդ եռամսյակ /2022 - հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/

Հոգեախտորոշիչ աշխատանքների  իրականացում Հայաստանի Հանրապետության 5 մարզերում. հետպատերազմական շրջանում արժեհամակարգի ճգնաժամի և անոմիկ դրսևորումների բացահայտում:

Հինգերորդ եռամսյակ /2022 - հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Ձեռք բերված արդյունքների մշակում, հետպատերազմական շրջանում անձանց արժեհամակարգի և վարքագծային փոփոխությունների վերհանում, դեզադապտացիայի ձևերի, գործառնման մեխանիմզների  պարզում:

Սոցիալական գովազդի պատրաստում:

Ծրագրի հանրայնացում:

Վեցերորդ եռամսյակ

/2023 - հունվար, փետրվար, մարտ/

Հոգեշտկող աշխատանքների իրականացում  Երևանում. հետպատերազմական շրջանում ադապտացիայի, հասարակական ինտեգրացիայի և ասերտիվ վարքի ձևավորման հնարավորությունների բացահայտում:

Յոթերորդ եռամսյակ

/2023 - ապրիլ, մայիս, հունիս/

Հոգեշտկող աշխատանքների  իրականացում Հայաստանի Հանրապետության 5 մարզերում. հետպատերազմական շրջանում ադապտացիայի, հասարական ինտեգրացիայի և ասերտիվ վարքի  ձևավորման հնարավորությունների բացահայտում:

Ութերորդ եռամսյակ

/2023 - հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/

Սոցիալական մարգինալ անձանց և խմբերի դասակարգում՝ համաձայն ստացված արդյունքների, ռազմավարական և մեթոդաբանական մոդելների մշակում:

Իններրորդ եռամսյակ

/2023 – հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Մարգինալ թիրախ խմբերի վարքի կառուցողական և ապակառուցողական մեխանիզմների վերհանում, կոնստրուկտիվ ադապտացիայի ձևերի մշակում և ներդրում:

Հոդված/ներ/ի հրատարակում:

Տասներրորդ եռամսյակ

/2024 – հունվար, փետրվար, մարտ/

Թիրախ խմբերի հետ կրկնակի հանդիպում - թրեյնինգների իրականացում  Երևանում:

Սոցիալական գովազդի պատրաստում:

Տասնմեկերրորդ եռամսյակ

/2024 – ապրիլ, մայիս, հունիս/

Թիրախ խմբերի հետ կրկնակի  հանդիպում- թրեյնինգների իրականացում  Հայաստանի Հանրապետության  5 մարզերում:

Հոդված/ներ/ի հրատարակում, ծրագրի հանրայնացում:

Տասներկուերրորդ եռամսյակ

/2024 – հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/

Հետազոտության գործնական, ելակետային արդյունքների հիման վրա գիտական հոդվածների հրատարակում, բուհական միջառարկայական ծրագրերի  մշակում, կոլեկտիվ մենագրության հրատարակում:

Ծրագրի հանրայնացում: