Գլխավոր էջ





Այցելություն պատմական Արցախ

2019թ. մայիսի 11-ին և 12-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Հանրային կապերի և ուսանողական խորհրդի կողմից՝ մայիսյան տոների կապակցությամբ, կազմակերպվել էր այցելություն պատմական Արցախ՝ հատուկ ԳԿՄԿ մագիստրանտների համար: Առաջին օրը ուղևորվեցինք Արցախ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, որն անցնում է Քարվաճառի շրջանով: Առաջին այցելությունը եղավ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք վանական համալիր: Այն կառուցվել է IV-XVII դարերում և կրում է Քրիստոսի 70 աշակերտներից մեկի՝ Թադևոս առաքյալի աշակերտ Սուրբ Դադիի անունը: I դարում քարկոծելով սպանել են Դադիին և հանձնել հողին, իսկ IV դարում քրիստոնեության ընդունումից հետո նրա գերեզմանն ուխտատեղի է դարձել, որտեղից էլ սկիզբ է առնում վանական համալիրը: Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը օրհնեց այցելուներին, որից հետո մենք կրկին ճանապարհ ընկանք:Հաջորդ կանգառը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղն էր, որտեղ անցկացվում էր արցախյան խոհանոցը խորհրդանշող ժենգյալով հացի 2-րդ փառատոնը: Փառատոնին ներկա էին հարյուրավոր մարդիկ՝ թե´ Երևան քաղաքից, թե´ հարակից գյուղերից և անգամ՝ տասնյակ օտարերկրացիներ: Յուրաքանչյուր տաղավար իրեն հատուկ բաղադրատոմսով պատրաստում էր ժենգյալով հացը, որի հետ հյուրասիրում էր նաև թան և գինի: Հադրութի շրջանի տաղավարում պատրաստվեց մինչ այժմ ամենամեծ ժենգյալով հացը, որի երկարությունը 2 մ 83 սմ էր, քաշը՝ 20 կգ 885 գ: Այն գրանցվեց ՀՀ «Դյուցազնագրքում»: Փառատոնն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, ինչն էլ ավելի գեղեցկացրեց և ազգային տոնի վերածեց միջոցառումը: Ժենգյալով հացը համտեսելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Գանձասար՝ Գանձասարի վանական համալիր: Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին և գավիթը գտնվում են Խաչեն գետի ափին, բարձր բլրի վրա (կառուցվել են 1216-1238թթ. Ջալալյան իշխանների կողմից): Վանական համալիրի կառույցների վրա փորագրված են շուրջ 200 գրություններ, որոնց մեծ մասը միջնադարյան արվեստի նմուշներ են: Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո այցելեցինք Մ. Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն, որտեղ ծանոթացանք տարբեր ձեռագիր մատյանների, հնատիպ գրքերի, Արցախի պատմությանն առնչվող բազմաթիվ վավերագրերի, ինչպես նաև Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրերի:Մեր համար տպավորիչ էր նաև Գանձասարի համալիրի տարածքում գտնվող Ժայռակերտ առյուծը (կառուցվել է 2007թ., հեղինակ՝ նկարիչ-քանդակագործ Արամ Ավագյան): Երեկոյան մենք ժամանեցինք մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ հենց քաղաքի մուտքի մոտ մեզ դիմավորեց բոլորիս քաջ հայտնի հրաշալի մի կոթող՝ «Պապիկ-Տատիկը» («Մենք ենք, մեր սարերը» քանդակը, հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան): Երկրորդ օրը մենք ուղևորվեցինք ԼՂՀ ԱԺ, որտեղ հանդիպեցինք ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց կրթական համակարգում առկա խնդիրները, բուհերի օպտիմալացման անհրաժեշտությունը, կրթական որակի բարձրացման և բարձրակարգ մասնագետների պահանջարկի ձևավորման հարցը: Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո, մենք ուղևորվեցինք Շուշի: Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է որպես պաշտպանական ամրություն, հետագայում պարսպապատելով դարձել է բերդ, որը հետագայում ստացել է Շուշիի բերդ անվանումը: Բերդապարսպի մեծ մասն այժմ էլ է կանգուն: Այստեղ է գտնվում նաև Շուշիի Մայր տաճարը՝ Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին (կառուցվել է 1868-87թթ.), որը հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկն է: Այն ունի նաև զանգակատուն, որտեղ էլ գտնվում է Արցախի թեմի առաջնորդի նստավայրը: Տպավորված այս ամենից, մենք մեր ուղևորությունը շարունակեցինք դեպի պատմական Տիգրանակերտ (մ.թ.ա 1-ին դար, կառուցված Տիգրան Մեծի կողմից): 2006 թ-ին սկսվում են քաղաքի պեղումները, ինչի արդյունքում հայտնաբերվում է քաղաքի միջնատեղը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին: Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը: 2008-ի պեղումների ժամանակ հայտնաբերվում է շատ կարևոր մի արձանագրություն: Գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս՝ վրան օձապատկեր, որը գտնվում է հենց Տիգրանակերտի թանգարանում, որտեղ էլ ցուցադրված են պեղումների արդյունքում հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների գտածոներ, որոնցից հատկանշական է V-VI դդ-ին վերագրվող մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին՝ շրջանակի մեջ փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին՝ տղամարդու դիմապատկեր՝ հայերեն արձանագրությամբ: Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին արձանագրություններից է: Տիգրանակերտ այցելությունից հետո ավարտեցինք մեր շրջագայությունը դեպի պատմական Արցախ և վերադարձանք Երևան: