Գլխավոր էջ





ԳԿՄԿ պատվիրակությունը՝ Բուլղարիայի Վելիկո Տիռնովոյի համալսարանի վերապատրաստման միջազգային շաբաթին

Նոյեմբերի 21, 2023

Ս.թ. նոյեմբերի 13-17-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը՝ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, գիտական քարտուղար Մերի Սարգսյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը և տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը, տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ մասնակցում էին Էրազմուս+ ծրագրի շրջանակներում «Գործընկերություն հանուն ապագա համագործակցության» վերապատրաստման միջազգային շաբաթին Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանում, որին մասնակցում էին ավելի քան 55 ներկայացուցիչ՝ Ռումինիայի, Թուրքիայի, Լեհաստանի, Լիտվայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Էստոնիայի, Սլովակիայի համալսարանների դասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ Կոսովոյի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի համալսարանների գործընկերներ։

Միջազգային շաբաթը նվիրված էր Վելիկո Տիռնովոյի համալսարանի հաջողված գործընկերային նախագծերին, որոնք իրականացվում են Էրազմուս+ ծրագրի շրջանակներում միջազգային գործընկերների հետ համատեղ։

Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին իրենց համալսարանները և կիսվեցին Էրազմուս+ ծրագրերի իրականացման փորձով, ինչպես նաև քննարկեցին գործընկեր բուհերի դասախոսների, ուսանողների և անձնակազմի շարժունակության, համատեղ կրթական ծրագրերի և լավագույն փորձի ներդրման հնարավորությունները:

Միջազգային շաբաթվա ընթացքում ԳԿՄԿ վարչակազմի անդամները նաև առանձին հանդիպումներ ունեցան մասնագիտական դեպարտամենտների հետ նեղ մասնագիտական համագործակցության հնարավորությունները քննարկելու և առկա համագործակցության եզրերն ընդլայնելու նպատակով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին