Գլխավոր էջ





AFISHE ծրագրի մեկնարկային հանդիպման ամփոփում

Հունվարի 27, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպման երրորդ օրը՝ հունվարի 27-ին, կազմակերպվեց համակարգող բուհում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի լուսաբանմանն ու ազդեցությանը վերաբերող հարցեր:

Դուբրովնիկի (Խորվաթիա) համալսարանի ներկայացուցիչ Տատյանա Դոբրոսլավիչը ցուցադրեց  AFISHE ծրագրի վեբկայքի նախնական տարբերակը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները կայքի բովանդակային բարելավման ուղղությամբ: Այնուհետև կայացավ ծրագրի առաջին կոորդինացիոն հանդիպումը, որտեղ քննարկվեցին ծրագրի առաջին 6 ամսում նախատեսված գործողությունները, սահմանվեցին ծրագրային առաջնահերթությունները և հստակ վերջնաժամկետները, անհրաժեշտության դեպքում տրվեցին լրացուցիչ պարզաբանումներ: Փորձագիտական խմբի բոլոր մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի իրականացման դինամիկ ընթացքի վերաբերյալ:

Մեկնարկային հանդիպման եզրափակիչ օրն ավարտվեց մշակութային բաղադրիչով. եվրոպացի գործընկերները AFISHE ծրագրի հայաստանյան համակարգողների ուղեկցությամբ այցելեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում ներառված և հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման կարևոր վայրերից մեկը համարվող Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Ճանաչողական շրջայցը հայ ժողովրդի մտավոր ժառանգության գանձարանում մեծ տպավորություն թողեց հյուրերի վրա՝ կրկին վերահաստատելով բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտի և թանգարանի նշանակալի դերը՝ որպես միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն, որը դարձել է նաև Երևանի և ամբողջ Հայաստանի խորհդանիշներից մեկը։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին