Գլխավոր էջ





«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը-2018» հատուկ դասընթաց

Սեպտեմբերի 27, 2018

2018 թ. սեպտեմբերի 20-ից 25-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ամենամյա «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արևելագիտության ամբիոնի հետ համատեղ: Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների օգնությամբ՝ հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։ Դասընթացին մասնակցելու հրավեր էին ստացել 21 դիմորդներ, ովքեր հաղթել են մրցույթում և հնարավորություն են ստացել մասնակցել դասընթացներին։ Դասընթացի բացման խոսքում Մհեր Սահակյանը նշեց․ «Ներկայիս, թե՛ համաշխարհային քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ մեծանում է Չինաստանի դերակատարումը, որպես մի հզոր ուժի, որը ապագայի ծագող գերտերություն է, այս համատեքստում կարևոր է, որ Հայաստանում նույնպես ուսումնասիրություններ կատարվեն Արևելքի հզորագույն պետության վերաբերյալ, ուստի «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը նպատակ ունի գիտելիքներ տրամադրել հետազոտողներին, ուսանողներին, պետական ծառայողներին, որպեսզի նրանք այն ներդնեն հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում»: Հատուկ դասընթացի կազմկոմիտեի հրավերքով ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի խորհրդական Ջոու Խունյուն: Նա խոսեց Հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման մասին, կարևորեց Չինաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդումը։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանն իր խոսքում շնորհավորելով բոլորին միջոցառման բացման կապակցությամբ, նշեց որ Չինաստանի արդի պատմությունը ուսումնասիրելը, վերլուծելը ունի կարևոր քաղաքական, տնտեսական և գիտական նշանակություն Հայաստանի Հանրապետության գիտական, քաղաքական և վերլուծական շրջանակների համար: Այդ առումով հատուկ դասընթացը եղած բացը որոշ առումով կլրացնի։ Արտերկրից դասախոսությամբ հանդես եկան Թուղրուլ Կեսկինը (ՉԺՀ, Շանհայի համալսարանի Գլոբալ կառավարման կենտրոնի տնօրեն), Իվան Զուենկոն (Ռուսաստանի ազգային ակադեմիայի Հեռավորարևելյան բաժանմունքի գիտաշխատող, Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ), Կանեշկո Սանգարը (ՄԹ, Լոնդոնի համալսարանական քոլեջ), Դա Յուլոնը (ՉԺՀ, Նանծինի համալսարան, հետազոտող), Մինչաո Խուան (ՉԺՀ, Նանծինի համալսարան, հետազոտող): Հայկական կողմից դասախոսեցին Մհեր Սահակյանը («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար), Վարդան Աթոյանը (ՀՊՏՀ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխնախագահ), Աննա Զալինյանը (չինագետ), Անահիտ Պարզյանը (կիբերանվտանգության փորձագետ), Միհրան Փափազյանը («Բրուշետե» ընկերության սեփականատեր, ԱՄՆ): Դասընթացի ավարտին «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի կազմակերպչական կոմիտեի հիմնադիր-ղեկավար Մհեր Սահակյանը նշեց. «Այս հինգ օրերի ընթացքում մեզ հաջողվեց հայ երիտասարդ հետազոտողների համար Չինաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասընթաց կազմակերպել, որտեղ դասավանդեցին, թե՛ արտասահմանյան, թե՛ Հայաստանի առաջատար մտավոր կենտրոնների՝ Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներն ուսումնասիրող մասնագետները։ Հուսով եմ, որ ունկնդիրներն այս գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն Հայրենիքի շենացման և Հայ-չինական հարաբերությունները զարգացման գործերում»: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, Դասընթացի համակազմակերպիչ Ռոբերտ Ղազարյանը իր ամփոփիչ խոսքում նշեց, որ հատուկ դասընթացը իր առաքելությունը իրականացրեց, քանի որ հինգ օր շարունակ մասնակիցները հայ և արտասահմանցի մասնագետների օգնությամբ հմտացան արդի Չինաստանի պատմության, քաղաքականության, ներքին և արտաքին հարաբերությունների, պետական համակարգի և այլ հիմնահարցերում: Նշվեց նաև, որ չինագիտությունը այսօր խիստ արդիական գիտական ուղղություն է և մասնակիցները իրենց ստացած գիտելիքները ի վիճակի են օգտագործելու տարբեր ասպարեզներում:

Դասընթացի 19 ունկնդիրներ հավաքեցին անհրաժեշտ միավորներ և արժանացան վկայագրերի և ստացան մասնագիտական գրականություն: