Գլխավոր էջ





Ամփոփվեցին քաղաքագիտական դասընթացները

Դեկտեմբերի 3, 2019

Ս/թ նոյեմբերի 30-ին ավարտվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հանրակին կապերի և զբաղվածության բաժնի և ԳԿՄԿ ՈՒԳԸ-ի կազմակերպած քաղաքագիտական դասընթացների շարքը: Դասընթացները միտված էին կենտրոնի շրջանավարտների և ուսանողների քաղաքագիտական գիտելիքների բարձրացմանը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՌԴ և ԱՄՆ աշխարհաքաղաքական խնդիրները, համեմատվեցին հայկական և մերձավորարևելյան քաղաքական դաշտերում տիրող իրավիճակները: Բանախոսություններով հանդես եկան ԳԿՄԿ դասախոսները, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետները, որոնք իրենց գիտելիքներն ու փորձը հաղորդեցին դասընթացի մասնակիցներին:

Դասընթացների ամփոփմանը հանդիպման էր հրավիրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը, որը խոսեց քաղաքականության մեջ կանանց դերի մասին:

Հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ա. Շահազիզյանը ողջունեց պատգամավորին ԳԿՄԿ-ում հյուրընկալվելու համար, ներկայացրեց Կենտրոնի գործունեությունն ու առաջարկվող կրթական ծրագրերը, ինչպես նաև շեշտեց, որ Գիտակրթական միջազգային կենտրոնը «հետազոտական համալսարանի» նախատիպն է Հայաստանում: Հետազոտական համալսարանի հարցն այսօր բավական ակտիվորեն քննարկվում է պատգամավորների շրջանում:

Հանդիպման ավարտին Աննա Կոստանյանը դասընթացների մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր, իսկ նրան նվիրեցին Կենտրոնի հրատարակած գիտական հոդվածների ժողովածուն: