Գլխավոր էջ





«Այսօր արդեն ուրախ եմ երբևէ կայացածս որոշման համար սովորելու ԳԿՄԿ մագիստրատուրայում», - ԳԿՄԿ շրջանավարտ Անահիտ Ազատյան

Նոյեմբերի 8, 2023

Անահիտ Ազատյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գործարար վարչարարության մագիստրատուրայի 2022/2023 ուստարվա շրջանավարտներից է:

Դեռ 2016 թվականին ստանալով բակալավրի աստիճան ադրբեջանագետի և պատմության ուսուցչի որակավորմամբ, Անահիտը երկար ժամանակ չէր կողմնորոշվում մագիստրատուրայի կրթական ծրագրի ընտրության հարցում:

«Մագիստրատուրա որոշեցի ընդունվել ավելի գիտակից տարիքում որոշակի հաջողություններ և ձեռքբերումներ գրանցելուց հետո։ Հաշվի առնելով, որ օրըստօրե զարգացող աշխարհաքաղաքական պայմաններում անհրաժեշտություն է առաջանում զարգանալ և կրթվել ժամանակին զուգընթաց, ուստի արդի մասնագիտությունների շարքում առաջնահերթությունը տվեցի գործարար վարչարարությանը՝ հավատարիմ մնալով այն համոզմանը, որ Հայաստանում էլ պետք է բիզնեսով զբաղվեն կառավարչական հմտություններին տիրապետող և մասնագիտական գիտելիքներ ստացած անձինք», - ասաց Անահիտը:

Անահիտը ընդգծեց, որ ԳԿՄԿ-ի հմուտ պրոֆեսորադասախոսական անձնակազմի շնորհիվ ուսանելու երկու տարիներն էլ իր համար եղել են տպավորիչ. գիտելիքների փոխանցումը զուգակցվել է հումորային և արկածային դրվագներով։ Իսկ ձեռքբերումների մասին խոսելիս առաջնայինն առանձնացրեց նոր ծանոթություններն ու կապերը: «Բացի շատ մտերիմ դարձած ընկերներից, ձեռք բերեցի ավագ ընկերներ դասախոսական կազմից, որոնց հետ կապը շարունակվում է մինչ օրս սոցիալական ցանցերի միջոցով։ Հատկանշական է, որ նրանցից յուրաքանչյուրը շատ պատրաստակամ է ցանկացած պահին ամեն հարցով աջակցել», - ավելացրեց Անահիտը:

Իր հաջողություններում ԳԿՄԿ դերակատարման մասին խոսելիս Անահիտը նշեց, որ այս պահին իր աշխատանքային գործունեությունն է ծավալում հանրային կառավարման ոլորտում՝ աշխատելով ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում, որտեղ իր մասնագիտական շարունակական աճը պայմանավորված է ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոսներից ստացած գիտելիքների պաշարով:

Այն հարցին, թե կյանքում և աշխատանքում հաջողության հասնելու համար ինչն է կարևորում՝ Անահիտն առանձնացրեց նպատակասլացությունը և աշխատասիրությունը, ինչպես նաև ինքնամոտիվացիան և ինքնակարգապահությունը։

«Այսօր արդեն ուրախ եմ երբևէ կայացածս որոշման համար սովորելու ԳԿՄԿ մագիստրատուրայում, քանի որ վստահաբար կարող եմ փաստել, որ այստեղ ստացած գիտելիքներս օգտագործում եմ ոչ միայն մասնագիտական աճ գրանցելու, այլև կյանքի շատ դրվագներում լավագույնս դրսևորվելու համար», - եզրափակեց Անահիտ Ազատյանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին