Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

Դեկտեմբերի 31, 2025

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ, բարեկամներ,

Տարեմուտը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ավարտ միաժամանակ նոր սկիզբ է։ Ժամանակն է վերագնահատելու անցած ուղին, ամրապնդելու ձեռքբերումները և վստահ քայլերով առաջ շարժվելու։

2025 թվականը մեր Կենտրոնի համար դարձավ շարունակական առաջընթացի և կայուն ձեռքբերումների տարի։ Կենտրոնի տնօրենությունն ու ողջ աշխատակազմը հետևողականորեն շարունակել են գործադրել բոլոր ջանքերը՝ ձևավորելու այն ժամանակակից գիտակրթական միջավայրը, որտեղ մագիստրանտներն ու ասպիրանտները ոչ միայն ստանում են արդիական գիտելիք և փորձառություն, այլև հնարավորություն ունեն ներգրավվելու որակյալ հետազոտական նախագծերում և ընդլայնելու միջազգային համագործակցության շրջանակները։

Մեր ուսանողների ձեռքբերումները՝ հանրապետական և միջազգային հարթակներում, ևս մեկ անգամ հաստատեցին, որ ԳԿՄԿ-ում ձևավորված արժեքներն ու ուղենիշները տալիս են իրական արդյունք։ Դուք ձեր նվիրումով և աշխատանքով ապացուցում եք, որ գիտելիքը ուժ է, իսկ նպատակին հավատացող թիմը կարող է հաղթահարել ցանկացած նշաձող։

Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ, ձեր նվիրումը, նախաձեռնողականությունն ու միասնականությունը մեր ամենամեծ հաջողություններն են։ Ձեր շնորհիվ Կենտրոնը ոչ միայն զարգանում է, այլև դառնում է ոգեշնչող միջավայր նոր գաղափարների, նոր համագործակցությունների և նոր հաղթանակների համար։

Թող մեր համատեղ աշխատանքը շարունակաբար ծառայի Հայաստանի հզորացմանը՝ գիտության և կրթության ուժով, ինչպես նաև նպաստի համամարդկային խնդիրների լուծմանը։ Մենք ունենք ներուժ՝ ոչ միայն արձագանքելու փոփոխություններին, այլև ձևավորելու դրանք։

Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս ձեռք բերած փորձը վերածվի նոր հնարավորությունների, գիտելիքը՝ ստեղծագործ արդյունքի, իսկ յուրաքանչյուրիս կյանքը լեցուն լինի անձնական երջանկությամբ, սիրով և ջերմ մարդկային հարաբերություններով։
 
 Թող գալիք 2026 թվականը լինի առաջընթացի, գիտական նոր բացահայտումների և կայուն զարգացման մասին՝ հանուն ապագայի, որը կառուցվում է գիտելիքի, արժեքների և հավատքի վրա։


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։


Հարգանքով,
Արմեն Սարգսյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն