ԳԿՄԿ-ն ներկայացավ «Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) միջոցառմանը
Սեպտեմբերի 29, 2026
Ս․թ․ սեպտեմբերի 25-26-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) առանձին տաղավարով մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) մասշտաբային միջոցառմանը։
Քանի որ ERNA-ն գիտությանը նվիրված միջոցառում էր, ԳԿՄԿ-ի տաղավարում առանձնահատուկ շեշտադրմամբ և բազմակողմանիորեն ներկայացված էին Կենտրոնի գիտական գործունեությունը և գիտական հրապարակումները։
Այցելուներին ներկայացվեցին ԳԿՄԿ-ի ավելի քան 30 մագիստրոսական կրթական ծրագրերի հնարավորությունները, ինչպես նաև ընդունելության կարգին վերաբերող ամփոփ տեղեկատվություն։
Տաղավարի աշխատանքներին ներգրավված էին ԳԿՄԿ-ի ՈՒԽ և ՈՒԳԸ անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչները, ամբիոնների վարիչները, որոնք այցելուների հետ կիսվեցին իրենց մասնագիտական և գիտահետազոտական փորձով։ ԳԿՄԿ-ի տաղավարի աշխատանքները համակարգվեցին Հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից։
Սեպտեմբերի 25-ին ԳԿՄԿ-ի տաղավարում, համագործակցային հիմունքներով, ներկայացված էր նաև «Ժեստ» հոգեբանական կենտրոնը՝ որպես ԳԿՄԿ-ի Հոգեբանության ամբիոնի մագիստրատուրայի պրակտիկայի կազմակերպման լաբորատորիա։
Սեպտեմբերի 26-ին ԳԿՄԿ տաղավարում ընդգծված ներկայացվածություն ուներ Կենտրոնի՝ հանրապետությունում եզակի մագիստրոսական կրթական ծրագիրը՝ «Ավիատիեզերական սարքաշինություն»-ը։ Այցելուների հետ իրենց գիտահետազոտական փորձով կիսվեցին ամբիոնի վարիչը՝ տեխն․գ․թ․ Անդրանիկ Աղաջանյանը, և շրջանավարտներից մի քանիսը, այդ թվում՝ «Հարյուր գաղափար Հայաստանի համար» համահայկական մրցույթի 2024 թվականի հաղթող Վրույր Գրիգորյանը։
Կրթական ծրագրերի ներկայացման ընթացքում շեշտադրվեցին նաև ԳԿՄԿ-ի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական հաջողությունները։ Դեղագիտությամբ հետաքրքրված այցելուները հնարավորություն ունեցան շփվելու «Դեղագիտություն» ծրագրի շրջանավարտ Հասմիկ Ջուղեցյանի հետ, որը 2026 թվականին «Բժշկագիտություն» անվանակարգում ճանաչվել է հանրապետության տարվա լավագույն մագիստրանտ՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Իսկ «Միջազգային հարաբերություններ» ծրագրի մագիստրանտ Արինե Մխիթարյանը, հիմնվելով Բոլոնիայի համալսարանում ձեռք բերած սեփական փորձի վրա, պատասխանեց այցելուների՝ Erasmus+ շարժունության ծրագրերին վերաբերող հարցերին։
Ամփոփելով երկօրյա անցուդարձը՝ նշելի է, որ ERNA-ն դարձավ գիտահետազոտական հաղորդակցման արդյունավետ հարթակ՝ նպաստելով հատկապես դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության մեծացմանը։
ԳԿՄԿ-ի մասնակցությունը ERNA-ին լավագույնս ընդգծեց Կենտրոնի առանցքային ուղերձը՝ կերտել ապագան գիտության հետ, ընտրել որակյալ կրթություն և դառնալ նորարարությունների մասնակից։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին










