Գլխավոր էջ





Լեհ գործընկերը ԳԿՄԿ-ում կարդաց միջազգային իրավունքից դասախոսություն

Սեպտեմբերի 29, 2025

2025 թ․ սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը Erasmus+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Կրակովի ազգային կրթության հանձնաժողովի համալսարանի Իրավագիտության ինստիտուտի դոկտոր Պյոտր Ուհմային։ Նա Կենտրոնի մագիստրանտների համար կարդաց դասախոսություն՝ «Պետության պատասխանատվությունը միջազգային իրավունքում» թեմայով։

Մինչ դասախոսությունը կայացավ լեհ հյուրի և ԳԿՄԿ հյուրընկալող կազմի հանդիպումը, ինչին ներկա էին Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, Իրավագիտության ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանը, իրավագիտության դասախոս Լիլիթ Խառատյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Էլլա Պապիկյանը։ Քննարկվեցին ինչպես ընդհանուր ակադեմիական հարցեր, այնպես էլ իրավագիտության դաշտում նոր համագործակցություններ հաստատելուն ուղղված։

Այցելության երկրորդ մասը կայացավ ԳԿՄԿ նիստերի դահլիճում։ Պ․ Ուհմայի դասախոսությանը նախորդեց ԳԿՄԿ Իրավագիտության ամբիոնի վարիչ, ի․գ․թ․ Ս․ Բաբայանի՝ հյուրին ներկայացնող բացման խոսքը։

Դասախոսությունը ներկայացվեց դահլիճի հետ ակտիվ համագործակցության մեթոդով, ինչը նպաստեց դրա արդյունավետությանը։ Ուսանողները դասախոսության նկատմամբ դրսևորեցին մեծ հետաքրքրվածություն՝ հարցուպատասխանային հատվածներում դա արտահայտելով համագործակցային ակտիվությամբ։

Միջազգային համագործակցության հերթական միջոցառումը հաջողությամբ կայացավ ԳԿՄԿ-ում՝ թողնելով երկուստեք գոհունակություն և համագործակցությունը շարունակելու ցանկություն։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին