Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում մագիստրոսական դիպլոմներ հանձնվեցին իրավագետներին և գործարար վարչարարներին

Ապրիլի 29, 2026

Ս․թ․ ապրիլի 28-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնների շրջանավարտներին հանձնվեցին մագիստրոսական դիպլոմներ։  

Նորընծա մագիստրոսներին ողջույնի և շնորհավարանքի խոսք հղեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն, տ․գ․թ․ Արմեն Սարգսյանը։ Նա նաև հորդորեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, շատ կարևոր է, որ դուք գիտակցեք, որ ավարտում եք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը։ Գիտությունների ազգային ակադեմիան ազգային արժեք է, և մեր կենտրոնը, լինելով ԳԱԱ կազմում գործող  պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ արժեքների կրողն է։ Մշտապես հիշե՛ք, որ ԳԱԱ-ն ստեղծվել է մեր ազգի մեծերի շնորհիվ՝ Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի և ուրիշների, որոնք մշտապես բարձր են պահել ՀՀ պատիվը ամբողջ աշխարհում։ Հուսով եմ, որ այդ գիտակցումով դուք նույնպես մշտապես բարձր եք պահելու մեր կենտրոնի անունն ու հեղինակությունը, ինչ ոլորտում էլ որ շարունակեք ձեր գործունեությունը։ Հուսով եմ նաև, որ կպահպանեք կապը Կենտրոնի հետ։ Ձեր նպատակները սահմանելիս ձեր առջև միշտ դրե՛ք բարձր նշաձող և հասե՛ք դրան»։

Տնօրենն անդրադարձ կատարեց նաև երկու ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերին՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ կատարած բարձր մասնագիտական աշխատանքի և մեծ նվիրումով ուսանողներին փոխանցած օգտակար փորձի համար։

Շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի խոսքեր հնչեցրին նաև համապատասխան ամբիոնների վարիչները։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Իրավագիտության ամբիոնի վարիչ, ի․գ․թ․ Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, իր խոսքում նշեց․ «Իրավաբանի մասնագիտությունը երբեք չի դադարում լինել ակտուալ և պահանջում է շարունակական կրթություն։ Մեր ամբիոնը մինչ օրս թողարկել է որակյալ մագիստրոսներ՝ իրենց գործունեությամբ ընդգրկված իրավական համակարգի ամենատարբեր պատասխանատու կառույցներում՝ դատական տարբեր ատյաններում, օրենսդիր և գործադիր իշխանություններում։ Ուրախ կլինենք ձեզ ևս տեսնել իրավական համակարգի ցանկացած ոլորտում հաջողած, քանի որ յուրաքանչյուր ոլորտում էլ կա որակյալ իրավաբանի կարիք»։

Ս․ Բաբայանը շնորհակալություն հայտնեց մագիստրոսներին՝ իրենց ուսումնական բեռնվածությունը պատվով հաղթահարելու համար, Իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ փոխանցած փորձի համար, վարչական կազմի ներկայացուցիչներին՝ ի դեմս տնօրենի՝ մագիստրոսական կրթության կազմակերպման գործընթացում ակադեմիական ազատության անհրաժեշտ միջավայր ապահվելու համար։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Կարեն Սարգսյանը, շնորհավորելով օրվա շրջանավարտներին, ընդգծեց. «Կարծում եմ, որ մեր կառույցի պատերի ներքո ձեր ստացած տեսական և գործնական գիտելիքները կիրառելի կլինեն մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ իրավական համակարգի զարգացման համար։ Նաև հորդորում եմ՝ անընդհատ շարունակե՛ք ձեր կրթվելու գործընթացը, քանի որ դինամիկ զարգացող աշխարհում անընդհատ ինքնակատարելագործվելու և կրթվելու պահանջը մշտապես առկա է։ Բոլորիս շահերից է բխում, որ մեր շրջանավարտները շարունակեն խորացնել իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները՝ ի շահ իրենց և մեր պետության»։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին