Գլխավոր էջ





ՀՀ դեղագիտության ոլորտը համալրվեց նորընծա մագիստրոսներով

Ապրիլի 29, 2026

Ս․թ․ ապրիլի 28-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում դիպլոմների հանդիսավոր հանձնման հերթական միջոցառումն էր։ Իրենց մագիստրոսական դիպլոմներն ստացան Դեղագործական քիմիայի ամբիոնի՝ «Դեղագիտություն» մասնագիտությամբ շրջանավարտները։

Մագիստրոսներին ուղղված շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, ֆիզմաթ․ գ․թ․ Երջանիկ Զարգարյանը և Դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, ք․գ․թ․ Արփինե Հարությունյանը։

Փոխտնօրեն Ե․Զարգարյանն իր խոսքում ընդգծեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, դիպլոմ ստանալը ամենևին էլ վերջ չէ, այլ մասնագիտական աշխատանքի սկիզբ դուք այսուհետ պետք է ծավալեք պատասխանատու մասնագետի գործունեություն՝ նպաստելով կարևորագույն ոլորտներից մեկի՝ դեղագիտության զարգացմանը»։

Ամբիոնի վարիչ Ա․ Հարությունյանը իր շնորավորանքի ջերմ խոսքերին հավելեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, այսօրվանից դուք սպիտակ բանակի մի մասն եք։ Հուսով եմ և ինչ-որ չափով վստահ, որ ձեր առաքելությունը պատվով կկատարեք։ Հույս ունեմ նաև, որ քիմիայի հետ կապը կկարողանաք ճիշտ կիրառել նաև կյանքում, և ձեր դեղատոմսը կլինի սիրո, հարգանքի, վստահության դրսևորում՝ ուղղված մարդկությանը ծառայելուն։ Բարի երթ։ Շնորհակալ ենք, որ այս տարիները կիսել եք մեզ հետ»։

Հատկանշական է, որ շրջանավարտներից մեկը՝ Հռիփսիմե Խաչատրյանը, եղել է ԳԿՄԿ ՈւԳԸ նախագահը, իսկ մյուսը՝ Հասմիկ Ջուղեցյանը, «Լավագույն ուսանող 2025» հանրապետական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։

Ուրախալի է, որ օրվա բոլոր շրջանավարտներն էլ ապահովված են մասնագիտական աշխատանքով՝ իրենց գործունեությունը ծավալելով Երևանի, Արարատի և Գյումրու դեղագործական կամ գիտակրթական հաստատություններում։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին