Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն Ինժեներական քաղաքում անցկացրեց բաց հանդիպում ՏՏ ոլորտով հետաքրքրված դիմորդների հետ

Հոկտեմբերի 15, 2026

Ս․թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) Ինժեներական քաղաքում կազմակերպել էր բաց հանդիպում՝ հասցեագրված ՏՏ ոլորտով հետաքրքրված մագիստրատուրայի դիմորդներին։

Միջոցառման հիմնական կազմակերպիչն էր ԳԿՄԿ Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնը՝ ամբիոնի վարիչի ժ/պ Զավեն Նաղաշյանի գլխավորությամբ։ Ամբիոնը ձևավորվել է ԳԿՄԿ երկու ամբիոնների միավորման արդյունքում՝ ժառանգելով այդ ամբիոնների գիտակրթական հարուստ փորձն ու արդիականացնելով կրթական ռազմավարությունը՝ ընդառաջ գնալով ոլորտի ժամանակակից մարտահրավերներին։


Հանդիպման հիմնական նպատակն էր՝ դիմորդներին ծանոթացնել ծրագրային թարմացումներին և նախատեսված կրթաթոշակային հնարավորություններին։


ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


Ամբիոնն առաջարկում է հետևյալ մագիստրոսական ծրագրերը․

  • «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» (առկա / հեռակա)
  • «Տեղեկատվական համակարգերի մշակում» (հեռակա)

Այս պահին ընթացքի մեջ է հեռակա ուսուցման ընդունելությունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 27-ը։


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ

Հանդիպման վայրը պատահական չէր ընտրվել․ Ինժեներական քաղաքում է տեղակայված ԳԿՄԿ Ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոնը։ Նախատեսվում է միջամբիոնային համագործակցություն՝ ՏՏ ծրագրերի գործնական մասն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Դիմորդները հնարավորություն ունեցան ճանաչողական շրջայց կատարելու Ինժեներական քաղաքում՝ ծանոթանալով՝

  • արտադրական գործընթացներին,
  • «Ազնավուր» գերհամակարգչի հնարավորություններին,
  • Գիտության և տեխնիկայի թանգարանի ցուցանմուշներին։


ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ


Միջոցառումը բացեց ԳԿՄԿ տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով Կենտրոնի որդեգրած արդիական մոտեցումները․

«Գիտակրթական միջազգային կենտրոնը ստեղծվել է այն համոզմունքով, որ գիտությունն ու կրթությունը չեն կարող գոյություն ունենալ միմյանցից առանձին: Լավագույն մասնագետները ձևավորվում են այնտեղ, որտեղ ուսանողը սովորում է գիտնականի կողքին։ [....] Մեր նպատակն է՝ ուսանողներին տալ հիմնարար և կիրառական այնպիսի գիտելիքներ, որոնցով նրանք կկարողանան նախագծել բարդ ծրագրային համակարգեր, աշխատել ամպային տեխնոլոգիաների հետ և լուծել իրական տեխնոլոգիական խնդիրներ»։

Ելույթներով հանդես եկան նաև Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնի վարիչի ժ/պ, տեխն․ գ․ թ․ Զավեն Նաղաշյանը (ներկայացրեց ծրագրային թարմացումներն ու կրթաթոշակների հնարավորությունները) և Ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոնի վարիչ, տեխն․ գ․ թ․ Անդրանիկ Աղաջանյանը (խոսեց միջգիտակարգային խնդիրների լուծման և միջամբիոնային համագործակցության մասին)։

Միջոցառումը եզրափակվեց «Կրթության մարտահրավերները AI-ի դարաշրջանում» խորագրով պանելային քննարկմամբ, որի բանախոսներն էին Զավեն Նաղաշյանը և նույն ամբիոնի դասախոս, ֆ․մ․ գ․ թ․ Վահագն Պողոսյանը։

 

Իմանալ ավելին ընդունելության կարգի մասին և դիմել առցանց․ https://isec.am/entrant.html

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին