ԳԿՄԿ-ն մասնակցեց «Երիտասարդությունը հանուն կենսաբազմազանության․ դեպի COP17» աշխատաժողովին
Հուլիսի 25, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնը), համագործակցելով WWF-Հայաստանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ս․թ․ հուլիսի 23-24-ին Աղվերանում կազմակերպել էր «Երիտասարդությունը հանուն կենսաբազմազանության․ դեպի COP17» երիտասարդական երկօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի տարբեր համայնքներից ընտրված երիտասարդները միջազգային փորձագետների և Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցի (GYBN) ներկայացուցիչների հետ համատեղ աշխատեցին կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համայնքային նախաձեռնությունների մշակման վրա՝ առաջարկելով նորարարական և գործնական լուծումներ բնապահպանական խնդիրներին դիմակայելու համար։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։ Նա իր խոսքում կարևորեց երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը բնապահպանական նախաձեռնություններում և ընդգծեց, որ հենց այսօրվա հետաքրքրված ու նախաձեռնող երիտասարդներն են վաղվա գիտնականներն ու հետազոտողները։ Դիմելով մասնակիցներին՝ դեկան Մխիթարյանը նրանց մաղթեց հաջողություններ ուսման և մասնագիտական առաջընթացի ճանապարհին՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերը հետագայում կընտրեն գիտական գործունեությունը, հետազոտություններ կիրականացնեն կենսաբազմազանության ոլորտում։
Ատոմ Մխիթարյանը նաև հակիրճ ներկայացրեց Գիտակրթական միջազգային կենտրոնի գործունեությունը, կրթական ծրագրերն ու գիտահետազոտական հնարավորությունները՝ առանձնահատուկ անդրադառնալով Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնին, որտեղ հետաքրքրված երիտասարդները կարող են շարունակել իրենց կրթությունը և ստանալ մագիստրոսի աստիճան՝ խորացնելով գիտելիքներն ու հետազոտական հմտությունները կենսաբազմազանության պահպանության ոլորտում։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին կրթական ծրագրերի, հետազոտական հնարավորությունների և գիտական կարիերայի վերաբերյալ։ Մասնագիտական հարցերը մատչելիորեն պարզաբանեցին ամբիոնի վարիչ, կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյանը և մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Ջուլիետա Սևյանը։
Երկօրյա աշխատաժողովի ավարտին երիտասարդները ներկայացրին իրենց մշակած նախագծերը, որոնք գնահատվեցին կենսաբազմազանության պահպանությանը նպաստող լուծումների արդյունավետության, համայնքային ներգրավվածության, առաջնորդության և նորարարական մոտեցումների տեսանկյունից։
Համագործակցային նախաձեռնությունն իրականացվել է ս․թ․ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին




