Կայացավ «Որոշումների կայացում և խնդիրների լուծում» միջազգային գիտաժողով-քննարկումը
Մարտի 25, 2026
2026 թ. մարտի 24-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ միջազգային միջգիտակարգային գիտաժողով-քննարկում՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Սուբյեկտիվ բարեկեցությունը և սոցիալական կայունությունը հոգեբանական անոմիայի հաղթահարման համատեքստում» (գիտական նախագիծ № 25RG-5A025) գիտական թեմայի շրջանակներում։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց որոշումների կայացման և խնդիրների լուծման գործընթացներին՝ որպես անձի և հասարակության բարեկեցության ապահովման կարևոր գործոնների։ Քննարկումները ընդգրկեցին ինչպես տեսական, այնպես էլ կիրառական մոտեցումներ՝ ուղղված հոգեբանական անոմիայի պայմաններում արդյունավետ որոշումների կայացման մեխանիզմների բացահայտմանը։ Հիմնական բանախոսը Իրինա Սոտնիկն էր՝ Սումիի պետական համալսարանի պրոֆեսոր (Ուկրաինա), տնտեսագիտության դոկտոր, ով իր զեկույցում անդրադարձավ սոցիալ-տնտեսական անորոշության պայմաններում անհատների վարքագծային առանձնահատկություններին։ Նա ընդգծեց, որ որոշումների կայացման գործընթացը հաճախ պայմանավորված է ոչ միայն ռացիոնալ հաշվարկներով, այլև հոգեբանական գործոններով, ինչպիսիք են ռիսկի ընկալումը, տագնապայնության մակարդակը և սոցիալական վստահությունը։
Մասնակիցները քննարկեցին նաև խնդիրների լուծման արդյունավետ ռազմավարություններ՝ կարևորելով միջառարկայական մոտեցումների կիրառումը, մասնավորապես՝ հոգեբանության և տնտեսագիտության համադրումը։ Նշվեց, որ նման մոտեցումները հնարավորություն են ընձեռում առավել խորքային ընկալելու սոցիալական վարքագիծը և մշակելու գործնական լուծումներ՝ ուղղված սոցիալական կայունության ամրապնդմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին



