Գլխավոր էջ





Erasmus+ պատմություն․ Դիանա Մովսիսյան, Բուլղարիա

Հոկտեմբերի 24, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Զբոսաշրջության կառավարարում» մասնագիտության 2025թ գերազանց շրջանավարտ Դիանա Մովսիսյանը Erasmus+ ուսանողների շարժունության ծրագրի շրջանակներում 1 կիսամյակ ուսանել է Բուլղարիայում՝  Վելիկո Տառնովոյի «Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոս» համալսարանում։ Հարցազրույցում Դիանան կիսում է իր տպավորությունները։

 

– Դիանա՛, որքանո՞վ էր քեզ համար սպասված ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական շարժունության ծրագրի մասնակից դառնալը։

– Ինձ համար շարժունության ծրագրի մասնակից դառնալը բավականին սպասված էր, քանի որ վստահ էի՝ այն ինձ ևս մեկ քայլով մոտեցնելու է իմ երազանքներին, մասնավորապես՝ մասնագիտական աճի առումով։

– Ինչու՞ որոշեցիր մասնակցել շարժունության ծրագրին։

– Ծրագրին մասնակցելս միանգամից ու շատ պատահական է ստացվել: Պարզապես կարդացի հայտարարությունը ու հասկացա, որ ես անպայման պետք է դիմեմ ու հնարավորինս ամեն ինչ անեմ, որպեսզի այդ եզակի հնարավորությունը հենց ես ստանամ։ Ես գիտակցում էի, որ այս ծրագրին մասնակցությունը թույլ կտա ինձ ընդլայնել իմ աշխարհայացքը, նոր մշակույթներ ուսումնասիրել, ներկայացնել Հայաստանն ու ծանոթանալ կրթական նոր մեթոդաբանություններին։

– Ի՞նչ տարար քեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։

– Ես ի սկզբանե կարևորել եմ Հայաստանը Եվրոպայում պատվով ներկայացնելը, իմ մշակույթով ու ավանդույթներով կիսվելը։ Եվ իսկապես ես հնարավորություն ունեցա իմ միջազգային կուրսընկերներին ներկայացնելու իմ երկիրը, ընդհանուր գաղափար տալու հայաստանյան համալսարանների կրթական ծրագրերի ու մեթոդաբանությունների մասին։

– Ի՞նչ տեսար հյուրընկալած համալսարանում, Բուլղարիայում և ուղևորությանդ ընթացքում այցելածդ երկրներում։

– Բուլղարիայի համալսարանում ես տեսա նոր մեթոդաբանություն, որը թույլ էր տալիս ուսանողներին ավելի գործնական ձևով իրականացնել մասնագիտական առաջադրանքները, մշակել իրատեսական նախագծեր՝ անհատական ու խմբային տարբերակներով։ Այնտեղ հնարավորություն ունեցա ծանոթանալու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ինչն էլ ավելի էր հետաքրքրացնում դասապրոցեսները, և դա հիմնականում խմբային աշխատանքներ իրականացնելիս։

– Ի՞նչ ստացար հյուրընկալած համալսարանում։

Ստացա թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ, որոնք ինձ հնարավորություն տվեցին ավելի լավ ուսումնասիրելու իմ մասնագիտական ոլորտը։ Ստացա նաև խորացված տրամաբանելու հմտություններ ու առավելագույն ինքնուրույնություն:

– Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդաբանությամբ տրվեց քեզ այդ ամենը։

– Յուրաքանչյուր դասընթացում գերակշռում էր գործնական մասը, որն, ըստ իս, շատ կարևոր է կրթական ոլորտում, քանի որ հենց գործնական գիտելիքներն են մեզ հնարավորություն տալիս մշակելու հստակ ռազմավարություններ մեր ոլորտում ու դառնալու ճկուն մասնագետններ, որ կկարողանան մրցակցային շուկայում գտնել իրենց արժանի տեղը։

– Ավելի շատ գիտելի՞ք, թե գործնական կարողություն, հմտություն ստացար։

– Ինչպես նշեցի, գերակշռում էր գործնական մասը, բայց այդ ամենին զուգահեռ նաև տեսական գիտելիքներ էինք ստանում՝ հիմնականում տարբեր ընթերցումներ ու քննարկումներ իրականացնելով։

– Ի՞նչ բերեցիր քեզ հետ որպես ոչ նյութական արժեք՝ որպես գիտելիք, կարողություն, հմտություն, գաղափար, հույզ։

– Անցել է 1 տարի, իսկ ես այդ 5 ամիսները հիշում եմ միայն ջերմ հիշողություններով ու կարոտով: Ինձ համար դրանք աննկարագրելի հույզեր են, որ դժվար թե կարողանամ բառերով նկարագրել․ ամեն բան շա՜տ գեղեցիկ էր։ Վերադարձել եմ նոր գաղափարներով՝ կապված մշակույթի հանրայնացման հետ, զբոսաշրջության ոլորտում նոր գաղափարներ ներմուծելու մտքով, որոնք, հուսով եմ, Աստծո կամոք մոտ ապագայում կիրականանան:

– Ո՞րն է մագիստրոսական թեզիդ վերնագիրը, և ի՞նչ նշանակություն ունեցավ Բուլղարիա մեկնելդ մագիստրոսական թեզիդ պատրաստման հարցում։

–Թեզիս թեման էր՝ «Էնոզբոսաշրջության զարգացման հեռանկարները Հայաստանում»։ Բուլղարիա մեկնելն անուղղակիորեն ինձ հնարավորություն տվեց այցելելու գինու երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, որտեղ էլ ծանոթացա տեղական գինու մշակույթին, իրականացվող մարքեթինգային միջոցառումներին, որոնք էլ թույլ տվեցին հետագայում դա օգտագործել որպես համեմատական մեթոդ և իրականացնել խորացված ուսումնասիրություն իմ թեմայի շուրջ։

– Համեմատելով քեզ մինչ Բուլղարիա մեկնելդ և վերադարձից հետո՝ ի՞նչ փոփոխություններ կնշես։

– Բուլղարիայից վերադառնալուց հետո ավելի հասուն մտածելակերպ եմ ձեռք բերել, ավելի հանգիստ բնավորություն, որը սովորել եմ հենց իրենցից: Առանձին ապրելը ավելի շատ նպաստեց իմ ինքնուրույնությանն ու անհատի կայունության ձևավորմանը, ֆինանսական գրագիտությանն ու նաև թույլ տվեց ավելի օպտիմալ կառավարել իմ ժամանակը։ Այդ ընթացքում ես դուրս եկա իմ փակ միջավայրից՝ հայտնվելով ինձ համար «ոչ կոմֆորտ» միջավայրերում, և սովորեցի, որ հենց այդ միջավայրերն են հնարավորություն տալիս ճանաչելու մեզ, մեր հնարավորություններն ու կարողությունները։

– Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերին մասնակից դառնալը։

– Կարծում եմ՝ նման ծրագրերն առաջին հերթին հնարավորություն են տալիս ներկայացնելու քո երկիրը, պատմությունը, իսկ քեզ ճանաչելը օտարերկրացիներին առիթ է տալիս հետաքրքրվելու քո երկրով։ Բացի այդ՝ մենք ինքներս ենք սկսում նոր մշակույթի մասնիկ դառնալ, մեզ բացահայտել այլ ձևով։

– Որքանո՞վ ես գոհ այս ծրագրին քո մասնակցությունից։

– Ինձ համար այս ծրագիրը կյանքիս կարևոր փուլերից մեկը կարող եմ համարել, որը, կարծում եմ, պատվով եմ անցել։ Ես մեծապես շնորհակալ եմ Erasmus+ ծրագրից և իմ բուհից՝ ԳԿՄԿ-ից, կարիերայի աճի համար շատ օգտակար այս հնարավորությունն ինձ տված լինելու համար։

– Այժմ արդեն շրջանավարտ ես։ Ի՞նչ դեր խաղաց Erasmus+ ծրագրին մասնակցությունդ կարիերայիդ առաջընթացի հարցում։

– Մինչ ծրագրին մասնակցելս ես թանգարանում էքսկուրսավար էի աշխատում։ Erasmus+ փորձն օգնեց ինձ ավելի լավ ճանաչել զբոսաշրջիկների կարիքներն ու մշակութային ժառանգության ներկայացման առանձնահատկությունները։ Բուլղարիայից վերադառնալով և ԳԿՄԿ-ում «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսի գերազանցության դիպլոմս ստանալով՝ ես հնարավորություն ունեցա շարունակելու իմ մասնագիտական ուղին արդեն ավելի նեղ ուղղությամբ՝ գտնելով ցանկալի աշխատանք։ Մրցույթի ժամանակ գործատուի համար որոշիչ են եղել թե՛ ԳԿՄԿ-ում ստացածս նեղ մասնագիտական կրթությունը՝ բարձր առաջադիմությանս հանգամանքով, թե՛ իմ ձեռք բերած միջազգային փորձը՝ թույլ տալով ինձ առանձնանալ թեկնածուների շարքում։

– Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս ուսանողներին, որ դեռ չեն մասնակցել կամ չեն կողմնորոշվում՝ մասնակցե՞լ նման ծրագրերի, թե՞ ոչ։

– Ուսանողներին խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում չերկմտել, անպայման մասնակցել նման ծրագրերի, դուրս գալ «կոմֆորտ զոնայից» և ձգտել դառնալու իրենց լավագույն տարբերակը, որը, վստահաբար, նման ծրագրերը թույլ են տալիս։



Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի

և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը