Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում տեղի ունեցան միջազգային աշխատաժողովներ՝ նվիրված պետականության և ինքնության հիմնախնդիրներին

Ապրիլի 23, 2026

Ս․թ․ ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) տեղի ունեցան միջազգային աշխատաժողովներ՝ «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում», «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» խորագրերով։

Համակազմակերպիչներն էին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Սեդլցեի համալսարանը (Լեհաստան)։

Աշխատաժողովները կազմակերպվել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող «Հայոց պետականության տիպաբանական և գաղափարական հիմքերը. տեսություն և պրակտիկա (հնագույն շրջանից ﬕնչև ﬔր օրերը)»  (ծածկագիր՝ 24RL-6A032) և «Խորհրդային առասպելաշինությունը և էթնո-քաղաքական փոխակերպումները հետխորհրդային Հարավային Կովկասում. ընտելացում և ընդվզում» (ծածկագիր՝ 25YR-6A009) գիտական թեմաների շրջանակներում։

Գիտական աշխատաժողովի հարթակը համախմբել էր ոլորտային առաջատար գիտնականների՝ Հայաստանից, Լեհաստանից և Վրաստանից։

Ողջույնի խոսքով հանդես եկան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, ԳԿՄԿ Արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը, ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, Սեդլցեի համալսարանի դոկտոր Կատարժինա Մակսիմիուկը (Լեհաստան), Իլիայի համալսարանի` Գ․ Ծերեթելիի անվան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆ․ Գեորգի Սանիկիձեն (Վրաստան), Ի․ Ջավախիշվիլիի անվան պատմության և ազգագրության ինստիտուտի պրոֆեսոր Գեորգի Ճեիշվիլին (Վրաստան)։

Մասնակիցներին ողջունեց և բարի ընթացք մաղթեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը։ Նա կարևորեց նաև այն համագործակցությունը, որ առկա է Հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջև։

Ողջույնի իր խոսքում ԳԿՄԿ տնօրեն, տ․գ․թ․ Արմեն Սարգսյանը նշեց․ «Մենք բարձր ենք գնահատում գործընկերությունը, որ ունենք «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և մեր միջազգային գործընկերների հետ։ Նման փոխգործակցությունը ստեղծում է ամուր հարթակ գաղափարների բովանդակային փոխանակման և միջգիտակարգային հետազոտությունների համար։ Համոզված եմ, որ քննարկումները և զեկույցները կնպաստեն դիտարկվող հարցերի ավելի խորքային ըմբռնմանը, կխթանեն նոր մոտեցումները և կուժեղացնեն ակադեմիական կապերը մեր հաստատությունների միջև»։

Աշխատաժողովներին գիտական զեկույցներով հանդես եկան պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, պրոֆ․ Գեորգի Ճեիշվիլին, պրոֆ․ Գեորգի Սանիկիձեն, պ․գ․դ․ Երվանդ Մարգարյանը, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, պ․գ․դ․ Ալեքսան Հակոբյանը, պ․գ․թ․ Անուշ Հարությունյանը, ք․գ․թ․, դոցենտ Գոռ Պետրոսյանը և պ․գ․թ․, դոցենտ Բենիամին Մաիլյանը։  Գիտական երկխոսության դաշտ էին բերվել տարածաշրջանի պետականության պատմական մոդելները և ինքնության խնդիրները՝ սկսած հին շրջանից մինչև մեր օրերը։

Միջոցառումներն ամփոփվեցին ակտիվ և կառուցողական քննարկումներով՝ ամրապնդելով գիտական փորձի փոխանակման արդյունավետությունը։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին