Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները հյուրընկալվեցին ՀՀ ԱԺ-ում

Դեկտեմբերի 22, 2025

2025 թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) մի խումբ ուսանողներ, հիմնականում՝ իրավագիտության մագիստրանտներ, հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում։

Այցի նախաձեռնությունը ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանինն էր, ինչն իրականացվեց ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի միջնորդությամբ։ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը ևս ընդգրկված էին այցելող խմբում։

Այցի շրջանականերում խումբը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ԱԺ-ի շենքի ճարտարապետության պատմությանը, գրադարանին, թանգարանին, միջանցքային ցուցադրություններին՝ պատմական արժեք ներկայացնող, ինչպես նաև՝ տեսնելու նիստերի դահլիճը։

ԳԿՄԿ խմբի հիմնական կանգառը ԱԺ պետաիրավական հանձնաժողովն էր, որտեղ կայացավ հանդիպում-քննարկում հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Քննարկման առանցքում «ՀՀ ընտրական օրենսգիրք»-ն էր, մասնավորապես՝ ԱԺ-ի ընտրության կարգը։ Ա․ Ջուլհակյանը մեծ պատրաստակամությամբ ներկայացրեց հարցին առնչվող հիմնական օրենսդրական կարգավորումները, ապա պատասխանեց ԳԿՄԿ մագիստրանտների և աշխատակիցների բոլոր հարցերին։

ԱԺ շրջայցը շատ արդյունավետ էր․ այն ապահովեց ոչ միայն օրենսդրական գիտելիքների ամրապնդում, այլև անմոռանալի զգացողություններ՝ իր կարևորությամբ  և ճարտարապետական վեհությամբ առանձնացող շինության պատերից փոխանցված։

 

ԳԿՄԿ այցելող խումբը իր երախտագիտությունն է հայտնում ԱԺ-ի ղեկավարությանը և շրջայցը կազմակերպած աշխատակիցներին՝ նման հնարավորության և հարուստ տեղեկատվությամբ շրջայցի համար։

 

Կից լուսանկարների մի մասը՝ տրամադրված ԱԺ-ից։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին